Մատչելիության հղումներ

Էրդողանը արշավ է սկսել լրատվամիջոցների դեմ


Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել լրատվամիջոցների սեփականատեր հանդիսացող խոշոր հաստատությունում, ինչը շատերի կողմից գնահատվել է իբրև հաշվեհարդար՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին քննադատողների նկատմամբ:

Հանքաարդյունաբերական ու լրատվական ձեռնարկությունների համախումբ «Քոզա իփեք գրուփ»-ի դեմ խուզարկությունները, փաստորեն, իրականացվեցին նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ՝ Էրդողանի նման մտադրության վերաբերյալ նախապես թվիթեր սպրդած տեղեկություններից անմիջապես հետո:

Ըստ «Անադոլու» գործակալության, 23 լրատվամիջոցներ տնօրինող «Քոզա իփեք գրուփ»-ին կասկածում են Ֆեթուլահ Գյուլենին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Վերջինս հեռացել է Թուրքիայից և այժմ բնակվում է ԱՄՆ-ում:

Թուրքիայի ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել խուզարկությունների նպատակը: Սակայն «Քոզա իփեք գրուփ»-ի երկու հեռուստաընկերությունների նորությունների խմբագիր Էրքան Աքուսը նշում է, որ կենտրոնակայաններն ու գլխավոր ստուդիաները, ինչպես նաև ընկերության նախագահի գրասենյակը ենթարկվել են խուզարկության։ Նրա խոսքով, դրա նպատակը լրատվամիջոցների դեմ ճնշումներ բանեցնելն է ու վախեցնելը։

Մի շարք լրագրողներ իրավական հետապնդումների են ենթարկվում տարատեսակ մեղադրանքներով, որոնց շարքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը: Դրանք մեծ մասամբ դեկտեմբերին ձերբակալված լրագրողներն են, որոնց նկատմամբ հետապնդումներն արժանացել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտող հայտարարություններին: Եվրոպական խորհրդարանը ևս դատապարտել է այդ ձերբակալությունները։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ բախումները լուսաբանելու համար ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալել է բրիտանացի երկու լրագրողի և մի թուրք թարգմանչի, նրանց առաջադրելով ահաբեկչությանը սատարելու մեղադրանք:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները կոչով է հանդես եկել՝ Թուրքիային հորդորելով համապատասխանեցնել իր գործողությունները ժողովրդավարության արժեհամակարգին: «Միջազգային համաներում» կազմակերպությունը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել «Վայս Նյուս» գործակալության լրագրողներին:

Թվիթերում միլիոնից ավել հետևորդ ունեցող, Ֆուաթ Ավնի մականունը կրող օգտատերը նախապես տեղեկացնում է Էրդողանի նմանատիպ քայլերի մասին: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն կա կարծիք, որ նա Էրդողանի կուսակցության վերնախավում կապեր ունեցող անձ է:

Մինչ վերջին ձերբակալությունները հենց Ավնին էր նշել, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացնելու «Քոզա իփեք գրուփ»-ում և դրան պատկանող հայտնի «Բուգյուն» ու «Միլլիեթ» թերթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG