Մատչելիության հղումներ

Հայաստանում շուրջ 60 դպրոց գործում է 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերում


Էջմիածնի թիվ 5 դպրոցի դասասենյակներից մեկը:
Էջմիածնի թիվ 5 դպրոցի դասասենյակներից մեկը:

Ճաքած, վթարային պատեր, կոտրված ապակիներով լուսամուտներ ու խոնավ դասասենյակներ․ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում հարյուրից ավելի երեխաներ արդեն մի քանի տարի հաճախում են վատթարագույն՝ չորրորդ կարգի վթարային շենքում տեղակայված դպրոցում:

Այս դպրոցում գրեթե նույնն էր պատկերը նաև երկու տարի առաջ մեր այցելության ժամանակ: Ուսուցիչները պատմում էին, որ դրանից հետո ոչինչ չի արվել, հակառակը՝ եղածն էլ քանդվել է, պատերին խոնավությունից սնկեր են ավելացել, դպրոցը մինչև օրս սանհանգույց չունի, անգամ կրծողների դեմ չեն կարողանում արդյունավետ պայքարել:

Դպրոցի տնտեսվարը չէր թաքցնում՝ հոգնել է տեղ-տեղ տանիքը կարկատելուց․ մի տեղ վերանորոգում ես, մյուսը քանդվում է: Պատմում էր, որ ոտքը վնասելուց հետո տանիք բարձրանալ այլևս չի համարձակվում: Իսկ մարզադահլիճում դաս անցկացնելը իսկական փորձություն է համարում․ - «Տպավորություն ա, որ երկրաշաչժից հետո ա: Այստեղ ֆիզկուլտի ժամեր պարապել, նշանակում է փորձության ենթարկել մարդկանց»:

Անցած դարի 50-ականներին կառուցված շենքը, ըստ մասնագետների, ենթակա չէ նորոգման․ պետք է քանդվի, նորը կառուցվի: Միջոցներ կառավարությունը միայն այս տարի է գտել: Խոստացել են, որ գյուղում նոր դպրոց կկառուցվի Ասիական զարգացման բանկի ծրագրով: Նախագիծը հաստատվել է, բայց թե երբ կսկսի շինարարությունը՝ անգամ գյուղապետը հստակ չգիտի:

Սեպտեմբերի 1-ը վթարային շենքում դիմավորեցին նաև Էջմիածնի թիվ 5 դպրոցի աշակերտները: Ուսուցիչները պատմում են, որ տարիներ շարունակ վախով են աշխատում ՝ հանկարծ հնամաշ պատերից մի կտոր վայր չընկնի ու չվնասի երեխաներին:

«Աշակերտների անվտանգությունը ապահովելու համար հնարավորինս փակել ենք բոլոր դռները, որ տանում են այդ վթարային մասնաշենք, որովհետև ցանկացած պահի պատ է փլվում այնտեղ», - ասաց ուսուցիչներից մեկը:

Դպրոցի երրորդ մասնաշենքը կիսափլուզված է, դրանից մի քանի մետր հեռու՝ մյուս մասնաշենքերում մոտ չորս հարյուր աշակերտ է դասարան մտնում:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 3-րդ և 4-րդ կարգի վթարային մոտ 60 դպրոց կա: Քաղաքաշինության նախարարությունը պնդում է, որ բյուջեի սահմանափակ միջոցների պատճառով բոլորը վերանորոգել կամ նոր դպրոց կառուցել հնարավոր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG