Մատչելիության հղումներ

Այսօր կազդարարվի Վենետիկի 72-րդ կինոփառատոնի բացումը


Կինոփառատոնի գլխավոր ժյուրին հայտնի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն է։

Այսօր երեկոյան հանդիսավորությամբ կազդարարվի համաշխարհային կինոյի ամենահեղիանակավոր երեք կինոփառատոներից մեկի` Վենետիկի միջազգային փառատոնի բացումը: Վենետիկի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ժյուրին այս տարի ղեկավարելու է հայտնի մեքսիկացի ռեժիսոր,«Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ինչպես նաև անցած տարի նկարահանված «Գրավիտացիա» թրիլերի հեղինակ Ալֆոնսո Կուարոնը:

Նշենք,որ Վենետիկի կինոփառատոնի այս տարվա մրցութային ծրագրում ընդգրկված երկու տասնյակ կինոնկարներից մեկը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի` «Հիշիր» ֆիլմն է: Դրանում գլխավոր դերը խաղում է կանադացի հռչակավոր դերասան Քրիսթոֆեր Փլամերը, ով Էգոյանի մեկ այլ` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմի գլխավոր դերակատարն է:

Իր նոր ֆիլմում Էգոյանը կրկին անդրադառնում է Ցեղասպանության`այս անգամ հրեաների Հոլոքոսթի թեմային: Ֆիլմի գլխավոր հերոսը փորձում է վրեժխնդիր լինել իր ընտանիքի սպանության համար` հետապնդելով անպատիժ մնացած և Կանադայում հանգիստ բնակվող նախկին գերմանացի նացիստին:

Երկրորդ համաշախարհային պատերազմին է նվիրված նաև հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան», որը ևս ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ռուսաստանցի ռեժիսորի ֆիլմը Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ընթացքում աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` Լուվրում ծավալված իրադարձությունների մասին է:

Բուն փառատոնն էլ կմեկնարկի այսօր երեկոյան` ծագումով իսլանդացի ռեժիսոր Բալթազար Կորմակուրի «Էվերեստ» կինոնկարով: Բրիտանա-ամերիկյան համատեղ արտադրության այս ֆիլմում մի շարք աշխարհահռչակ աստղեր են նկարահնվել, այդ թվում՝ Կիրա Նայթլին, Էմիլի Ուոթսոնը և Ռոբին Ռայթը: Կինոնկարը պատմում է` աշխարհի ամենաբարձր գագաթը հաղթահարելու 1996 թվականին ձեռնարկված մի շարք փորձերի մասին:

Վենետիկի 72-րդ կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG