Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, դպրոցի ուսուցիչն ու տնօրենը պետք է առաջնորդվեն ներքին բարոյականությամբ:
«Ուսուցիչը այն մարդն է, որը առաջնորդվում է իր ներքին բարոյականությամբ, այն է՝ չգրված օրենքներով: Բարոյագիտական տեսակետից ուսուցիչը, ամենայն բարության, բարոյականության, գիտելիքի կուտակում լինելով, չպետք է թույլ տա, որ իր հետ խոսեն օրենքի լեզվով: Նույնը՝ տնօրենը: Եթե անցնում ես օրենքին, նշանակում է՝ չգրված մարդկային հարաբերությունների, ձևավորված ավանդական հայկական դպրոցի որոշ արժեքներ խեղաթյուրվում են կամ չեն աշխատում», - այսօր ասաց ԿԳ նախարարը՝ մեկնաբանելով իր տեղակալ Մանուկ Մկրտչյանի հայտարարությունը, թե՝ «օրենքը վատ բան է, դժբախտություն է, երբ հարկադրված են օրենքով կարգավորել հարաբերությունները»:
Երեկ Երևանի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նաև անհեթեթ և անարժան էր որակել ուսուցիչներին մրցութային կարգով ընդունելու մասին օրենքը: Աշոտյանն ասաց, թե հատվածաբար է ծանոթացել փոխնախարարի ելույթին․ - «Ուղղակի շատ լավ գիտեմ պարոն Մկրտչյանին, գիտեմ, որ նա մանկավարժ-փիլիսոփա է և ստանդարտ մտածելակերպից ու ելույթներից դուրս է: Համենայնդեպս, հավատացնում եմ ձեզ՝ պարոն Մկրտչյանից համակարգին ոչ մի վնաս չկա, ճիշտ հակառակը՝ օգուտ կա»:
Աշոտյանին հիշեցրեցինք, որ ըստ ընդդիմախոսների՝ բարոյականության մասին նորմերը չեն գործել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի մրցույթում, երբ չորս թեկնածուներից լավագույնը ճանաչվեց ավելի վաղ նույն դպրոցում յուրացումներ կատարելու համար դատապարտված Սուսաննա Սարգսյանը: Աշոտյանն, այս դեպքում, սակայն, նախընտրեց մի կողմ թողնել չգրված օրենքները՝ պնդելով, որ մրցույթն անցել է օրենքով սահմանված կարգով:
«Մենք օրենքով նախատեսված խախտում չունենք, մենք իրավական պետություն ենք կառուցում», - նշեց նա:
Իրավական պետություն կառուցող Հայաստանում նաև հստակ քաղաքականություն է ընդունվել ներառական կրթության վերաբերյալ, որի համաձայն 10 տարի անց արդեն բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, մինչդեռ, երեկ Երևանի դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը կասկածի տակ էր դրել այս քաղաքականության արդյունավետությունը, տնօրեններն էլ կարծես չէին հակադարձել, ավելին՝ պաշտոնյայի խոսքն ընդունել էին ծափերով:
«Արդյո՞ք ճիշտ է, որ առաջին դասարանցի երեխան՝ առողջ երեխան, որ գնում է դպրոց, իր նստարանին կողակցի իր դասընկերոջը՝ տեսնելով այդ վիճակում: Արդյո՞ք հոգեբանական խնդիր չի ապրում այդ 6 տարեկան երեխան: Արդյո՞ք սա մտահոգիչ չէ: Չէ՞ որ մենք մտածում ենք, այո՛, այդ հաշմանդամ երեխայի մասով: Բայց անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին», - ասել էր փոխքաղաքապետը:
Կրթության և գիտության նախարարը չքննադատեց Արամ Սուքիասյանի այս ելույթը, ավելին՝ մեզ էլ հորդորեց ոչ թե քարեր նետել, այլ համբերությամբ մաքրել ներառական կրթության քարքարոտ ճանապարհը:
«Ես չեմ ընդունում նաև ծայրահեղական այն մեկնաբանությունները, որոնք վերաբերում են Արամ Սուքիասյանի երեկվա ելույթին: Առաջամարտիկը դրա ես եմ: Սա ճանապարհ է, որ պետք է անցնել: Այո, մի տեղ թեքահարթակ չի լինի, մի տեղ մանկավարժը պատշաճ մակարդակի չի լինի, մի տեղ տնօրենը չի հավատա այդ գործին, բայց դա չի նշանակում, որ դուք չեք անցնում ճանապարհ, եթե հանկարծ փոս եք հանդիպում ճանապարհին: Եթե ճանապարհ եք անցնում ու տեսնում եք ինչ-որ քար, շրջվում հե՞տ եք գնում: Չէ՛, փորձում եք այդ քարը հաղթահարել, այդ դժվարությունը հաղթահարել՝ գնալ առաջ», - մեկնաբանեց նախարարը:
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը վստահ է, որ այդ ճանապարհն այդպես էլ քարքարոտ կմնա, քանի դեռ նախարարներն ու պաշտոնյաները իրենց ելույթներով հակասում են պետության որդեգրած քաղաքականությանը:
«Բոլոր դպրոցներում էլ կան մտավախություններ, և նրանք այս պահին ավելի շատ խրախուսման կարիք ունեն, մասնագիտական աջակցության, պետական աջակցության, ոչ թե հակառակը՝ նրանց մտավախություններին հագուրդ տալու, հարցականի տակ դնելու ներառման սկզբունքն ու գաղափարախոսությունը», - ասում է նա:
Բաթոյանը հիշեցնում է՝ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չէ, ցավով ավելացնելով, որ շատ պաշտոնյաներ այսօր ոչ միայն ծանոթ չեն պաշտոնապես ընդունված ծրագրին, այլև ապատեղեկատվություն են տարածում․ - «Այսպիսի կարծիքներ կարող են հնչել, կարող են տալ ծնողները, հասարակության անդամները, ովքեր գուցե ինչ-որ բան բաց են թողել, իրազեկված չեն: Բայց սա, կարծում եմ, լուրջ խնդիր և մտահոգության առիթ պետք է լինի որոշումներ կայացնողների համար»: