Մատչելիության հղումներ

«Գաբալա»-«Բորուսիա» ֆուտբոլային հանդիպումը քաղաքական աստառ է ստանում


Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ի և ադրբեջանական «Գաբալա»-ի միջև հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը ադրբեջանական լրատվամիջոցներում ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները կարող են չթույլատրել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այցելել Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում նաև ֆուտբոլիստին Բաքվում ձերբակալելու հավանականությունը՝ որպես պատճառ նշելով 2011 թվականին «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը անօրինական ձևով հատելու» փաստը:

Ադրբեջանական Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն առ այժմ չի մեկնաբանել իրավիճակը: Պարբերականը նաև նշում է․ - «Տարօրինակ է, որ թեև Մխիթարյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ, այդուհանդերձ ընդգրկված չէ սև ցուցակում»:

Արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին՝ «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը հույս է հայտնել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

«Հույս ունենք, որ այդ ամենը սուտ է: Հենրիխը մեզ համար ծայրահեղ կարևոր խաղացող է, ով վերջին մի քանի շաբաթների ընթացքում հիանալի խաղ է ցուցադրել», - Sport1.de-ի հետ զրույցում հայտարարել է «Բորուսիա»-ի մամուլի ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգգեն:

Խնդրին անդրադարձել է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: - «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ՝ անկախ քաղաքացիությունից և մուտքի թույլտվության իրավունքից, մեր մրցաշարերի ընթացքում ելույթի իրավունք կստանա: Կանենք ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»,- հայտարարել է Պլատինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG