Մատչելիության հղումներ

ՀԽ. Ռեժիմը խոչընդոտում է Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը


Գարեգին Չուգասզյան, արխիվ
Գարեգին Չուգասզյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) հայտարարում է, որ «ռեժիմը» խոչընդոտում է ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը։

«Շինծու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում հայտնված Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ արգելվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Նախորդ անգամ նրան արգելվեց Ինտերնետի կառավարման համաեվրապական ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա, իսկ այս անգամ նրան արգելում են, որպես Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի անդամ, զեկույցով հանդես գալ այդ կոմիտեի հերթական նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ից 8-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում», - ասված է հայտարարությունում։

Հիշենենք, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանը, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու ՀԽ երեք անդամների հետ ձերբակալվեց ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Երկու օր անց դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրանց, սակայն մեկ ամիս անց նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։

ՀԽ-ն նշում է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պարագայում հոդվածը նախատեսում է քննիչի թույլտվությամբ այլ տարածք մեկնելու հնարավորություն։ Ըստ նախաձեռնության, Չուգասզյանը սահմանված կարգով համապատասխան միջնորդությամբ դիմել է քննիչին ու ստացել հետևյալ պատասխանը. - «… վարույթն իրականացնող մարմինը չունի բավարար երաշխիքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները լքելու պայմաններում Գարեգին Չուգասզյանը չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

«Քննիչը Գարեգին Չուգասզյանին սպառնացել է, որ եթե նա հրապարակի այս մերժման որոշումը, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար: Առողջ տրամաբանության տեսակետից անհավանական թվացող այս արարքները ոչ միայն բացահայտում են դրանց հեղինակների և կատարածու ծառաների մտավոր կարողությունները, այլև ցույց են տալիս քաղաքացիներին միայն որպես հպատակ տեսնող և հարկ եղած դեպքում նրանց պատանդի կարգավիճակում անժամկետ պահող հայաստանյան պատժիչ համակարգի բռնատիրական, սակայն ժամկետանց բնույթը: «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG