Ռուսաստանցի չինովնիկները կուլուարներում սիրում են ասել, որ եթե նավթի գինը ընկնի մինչև 30 դոլար, միևնույն է էներգակիրներից ստացվող դոլարները բավական են Ռուսաստանի իշխանությունների համար, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սոցիալական պարտավորությունները, այսինքն՝ վճարեն պետական աշխատողների, ուսուցիչների աշխատավարձը, թոշակառուների թոշակը։
Այսօր Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը հրապարակել է նոր մակրոտնտեսական ծրագիր 2016-2018 թվականների համար։ Որպես հիմք, նախարարությունը վերցրել է նավթի գինը 55-ից 60 դոլար։ Իրականում այսօր, հիշեցնենք, նավթի միջազգային գինը 43 դոլար է, սակայն փաստաթղթում, որը ներկացնում է «Վեդեմոստի»-ին կա նաև հոռետեսկան սցենար, որի հիմքում նավթի գինը 40 դոլար է առաջիկա երեք տարիների համար, ընդ որում, սա առաջին անգամ է, երբ Ռուսաստանի տնտեսության նախարարությունը նման գին է կանխատեսում։
«Եթե իսկապես նավթի գինը մնա այսօրվա չափանիշների սահմաններում, Ռուսաստանի տնտեսության անկումը կշարունակվի ընդհուպ մինչև 2018 թվականը։ Գնաճն էլ կկազմի 7-ից 9 տոկոս, իսկ դոլարն էլ կարժենա 75 ռուբլի», - սա Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարության հնարավոր հոռետեսական սցենարն է առաջին երեք տարիների համար։
Իրական բյուջեի հիմքում նավթի գինը նշված է 55-ից 60 դոլար, այսինքն եթե այսպես շարունակվի Ռուսաստանի իշխանությունները ստիպված են լինելու վերանայել բյուջեն և անխուսափելի կդառնա սոցիալական ծրագրերի վերանայումը։
Ռուսաստանցի պաշտոնյաները հաճախակի են հայտարարում, որ այս ճգնաժամը հնարավոր կլինի առանց լուրջ սոցիալական աղետների հաղթահարել, քանի որ գոյություն ունի այսպես կոչված պահուստային ֆոնդը, սակայն «Վեդեմոստի»-ի աղբյուրները կանխատեսում են, որ եթե նավթի գինը մնա այսքան ցածր մինչև 2017 թվականը, այս պահուստային ֆոնդից բան չի մնա։
Այսօր դոլարն արժեր 69 ռուբլուց ավելի, իսկ եվրոն 79-ից ավելի։ Ռուբլին մի քիչ արժեվորվել է այսպես կոչված «սև երկուշաբթի»-ից հետո։