Մատչելիության հղումներ

Դատարանը կարճեց բնապահպանների հայցով գործի վարույթը


Վարչական դատարանում այսօր կարճվեց բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների ու Լոռու մարզի Շնող գյուղի մի խումբ բնակիչների հայցը Թեղուտի հանքը շահագործող ընկերություններում ստուգումներ անցկացնելու մասին:

Հայցվորները պնդում էին, որ Հայաստանի ամենաընդարձակ և լավ պահպանված անտառներից մեկում՝ Թեղուտում գործող հանքն այսօր շահագործվում է լիցենզիաների ու պայմանագրի կոպիտ խախտումներով, ինչի մասին վկայում են իրենց կատարած արբանյակային նկարահանումները:

Ակտիվիստների բազմաթիվ կասկածներին ի պատասխան, Վարչական դատարանում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատուրյանն այսօր ընդամենը մեկ փաստաթուղթ ներկայացրեց, ըստ որի, նախարարությունը ստուգումներ էր սկսել: Խաչատուրյանը, սակայն, ոչինչ չասաց դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Ավելին՝ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ստուգումները, ավարտից 4-5 օր առաջ, կառավարության որոշմամբ կասեցվել են:

Դատական նիստից հետո նախարարության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել նաև «Ազատության» հարցերին:

Ստուգումները դադարեցնելու մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր նախորդ ամիս՝ պնդելով, թե դա արվում է «ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով»․ - «Կարծում եմ, մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Եվ այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնին հասցնելու բոլոր կարգի ստուգումները»:

Մինչդեռ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը կարծում է, թե իրենց ունեցած արբանյակային նկարահանումներն անհերքելի փաստեր են, և Հովիկ Աբրահամյանն իր որոշմամբ «փրկեց» Բնապահպանության նախարարությանը․ - «Ես գտնում եմ, որ սա հենց Թեղուտի համար է արված: Ստացվում է, որ Բնապահպանության նախարարությունը դուրս պրծավ այս իրավիճակից, որովհետև ինքը պետք է ներկայացներ ստուգումների արդյունքները: Ստուգումների արդյունքները եթե ներկայացներ, և այդ արդյունքները լինեին մեր ունեցած ապացուցողական բազայի սահմաններից դուրս, մենք պետք է վիճարկեինք այդ որոշումը: Սա, ըստ էության, բարձր մակարդակով իրականացված ժուլիկություն ա»:

«Կարևոր է նաև հասկանալ՝ ի՞նչ հիմք ունի ընդհանրապես կառավարությունը որևէ տեսակի մարմնի ստուգումներ անցկացնելու կասեցման որոշում կամ նման արգելք տալ: Եվ հենց այս դատավարությունն է ցույց տալիս, թե ինչպես է կառավարությունը Հայաստանում միջամտում տարբեր տեսակի մարմինների գործունեությանը: Փաստ է, որ Բնապահպանության նախարարության նախաձեռնած գործունեությունը կասեցվել է երկու պատճառով՝ կա՛մ, որպեսզի փաստացի ապացույցները երևան չգան, կա՛մ, որովհետև անգործության է մատնված եղել, և խնդիր է եղել այդ անգործությունը կոծկել», - ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը:

Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց պարտավորեցնել նախարարությանը հրապարակել գոնե այն փաստերը, որոնք նախարարությունը հայտնաբերել է մինչև ստուգումների կասեցման մասին կառավարության որոշումը․ - «Մենք չէինք պահանջել ստուգումներ սկսել: Մենք պահանջել ենք իրականացնել ստուգումներ: Եվ մեր պահանջը կարելի է համարել լիարժեք բավարարված, երբ որ այդ ստուգումները կսկսվեն, կընթանան և կավարտվեն: Եթե մենք ունենանք հավաստի ապացույց, որ ստուգումները կատարվել են, այս վեճը կլինի սպառված»:

Դատավոր Սամվել Հովակիմյանը, սակայն, կարճեց գործի վարույթը՝ պնդելով, թե բնապահպանների հայցը բավարարվել է․ նախարարությունը ստուգումները սկսել է: Իսկ այն, որ դրանք հետագայում կասեցվել են, «այս հայցի հետ կապ չունի»:

«Վեճը սպառված չէ», - արձագանքելով դատարանի որոշմանը՝ «Ազատության»-ն ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ տեղեկացնելով, որ հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը վերաքննիչ առյանում:

«Ազատության» գրավոր հարցմանը, թե արդյո՞ք ընդունում են լիցենզիաների ու պայմանագրի կոպիտ խախտումներով հանքը շահագործելու՝ իրենց ուղղված մեղադրանքները, «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը պատասխանել է, որ «ընկերության Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, այնպես էլ ցանկացած այլ գործունեություն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG