Մատչելիության հղումներ

Տնտեսագետը չի բացառում դրամի հետագա արժեզրկումը


Երևանի փոխանակման կետերում և բանկերում ամերիկյան դոլարը այսօր հասել է վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշին՝ գնում են 483 դրամով, վաճառում՝ 488-ով։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ փոխարժեքի ներկայիս շեմն արհեստական է, միջազգային բորսաներում տիրող անորոշության հետևանքով առաջիկայում դրամը կարող է ևս մի քանի տոկոսով արժեզրկվել։

«Տնտեսագիտության տեսության մեջ տարբերակում են անվանական և իրական փոխարժեք հասակացողությունները։ Եթե մենք փորձենք իրական փոխարժեքը ստանալ, կհասկանանք, որ այն առնվազն պետք է 500 դրամից բարձր լինի։ Հիմա ինչ-ինչ նկատառումներից, այդ թվում՝ սոցիալական նկատառումներից ելնելով Կենտրոնական բանկը արհեստականորեն փորձում է իրար չմոտեցնել անվանական և իրական փոխարժեքները»,- «Ազատությանը» ասաց տնտեսագետը։

Այսօր տարադրամի փոխանակման կետեր և բանկեր «Ազատության» այցելության ժամանակ գանձապահների մոտ թեև փոքրիկ հերթեր էին նկատվում, բայց միջազգային արժույթի պակաս չկար, դոլար հաջողվում էր գնել բոլորին։ Փոխանակման կետերում նշում էին՝ ստիպված են դոլարը 488 դրամով վաճառում, Կենտրոնական բանկը թույլ չի տալիս ավելի բարձր գին սահմանել։

«Ասել են, որ սենց դրեք կուրսը, չբարձրացնեք»,- նշեց փոխանակման կետերից մեկը աշխատակիցը։

Սակայն Կենտրոնական բանկի լրատվության բաժնից հերքեցին դոլարի գինը վերահսկելու մասին պնդումները՝ հավելելով, որ փոխարժեքը համապատասխանում է իրավիճակին։

Մասնագիտությամբ տնտեսագետ, հանրապետական Գագիկ Մինասյանը դժվարանում է ասել փոխարժեքի ներկայիս կուրսն արհեստական է պահպանվում, թե՝ ոչ, սակայնբնական է համարում դրամի արժեզրկումը։

«Ամբողջ աշխարհում են այս տենդենցները, դրանք գլոբալ են՝ Չինաստանից մինչև Ռուսաստանը։ Ամբողջ աշխարհի տենդենցներից Հայաստանը հեռու մնալ չի կարող»,- ասաց պատգամավորը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի միջազգային պահուստները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են մոտ 25 տոկոսով՝ 2 միլիարդ 20 միլիոն դոլարից հասնելով 1 միլիարդ 537 միլիոնի։ Տնտեսագետներն ընդգծում են՝ միջազգային պահուստներից ծախսվող գումարի ահռելի մասը Կենտրոնական բանկը ուղղում է հենց դրամի կայունության ապահովմանը։

«Ակնհայտ է, որ ռեսուրսները չկան, և մինչև սեպտեմբերի վերջ ակնհայտորեն կհասնենք իրական փոխարժեքին, որ 500-ից բարձր է»,- կանխատեսում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Դոլարի թանկացմանը զուգահեռ տարադրամի փոխանակման վահանակների վրա սահուն արժեզրկվում է ռուսական արժույթը։ 1 ռուբլին այսօր արդեն չէր գերազանցումը 7 դրամը։ Գյումրեցի Սուսաննա Վարժապետյանը թոռներին դպրոց ճանապարհելու համար այսօր է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած որդիներից գումար ստացել։ Ռուբլին դրամի փոխանակելուց հետո նկատել է՝ գումարը նախատեսվածից կրկնակի քիչ է եղել, թոռներից ոչ մեկ սեպտեմբերի 1-ին պատրաստ չէ։

«1000 ռուբլին որ 6000 դրամ անի, 6000 դրամի ի՞նչ կառնեմ Հայաստանի մեջ։ Հեչ բան։ 30 հազար ռուբլի փոխել եմ, երեք երեխա պիտի դպրոց ճամփու դնենք, ոչ մեկը լիարժեք ապահովված չէ, մենակ գրենական պիտույքներն եմ կիսատ-պռատ առել, երկու աղջիկներին բան չեմ առել, էն տղին էլ սառոչկա ու շալվար։ Էդքան բան»,- ասաց Վարժապետյանը։

Ի դեպ, Հայաստանյան բոլոր բանկերում մեկ դոլարի վաճառքի գինը ողջ աշխատանքային օրվա ընթացքում մնաց անփոփոխ՝ 488 դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG