Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:
Ըստ նախագահի պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ:
«Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։