Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ որոշումը կայացվել է «անվտանգության նկատառումներով»․ - «Հաշվի առնելով վերջին օրերին կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին լուրերը՝ Վան քաղաքում և շրջակա շրջաններում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»:
Թուրք-քրդական բախումների հետևանքով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով պատրիարքարանի կողմից պատարագի հետաձգումը սպասված քայլ էր: Մանավանդ, որ ամիսներ առաջ թուրք ազգայնականները Կարսում հայերի որս էին հայտարարել, իսկ թուրքական «ASİMDER»՝ «հայկական անհիմն պնդումների» դեմ պայքարող կազմակերպության ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք պատրաստվում են թույլ չտալ, որ հայերը Վանի Աղթամար կղզու եկեղեցում ամենամյա պատարագ անցկացնեն:
«Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քրդաբնակ քաղաքներում, այդ թվում նաև Վանում ու Դիարբեքիրում տեղի ունեցած բախումների հետևանքով չեղյալ են հայտարարվել ոչ միայն Սուրբ Խաչի պատարագը, այլև բազմաթիվ այլ միջոցառումներ:
Էստուկյանը այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Նրա կարծիքը կիսում նաև «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Եթվարթ Դանզիկյանը: Վերջինս, սակայն, չի բացառում պատարագի հետաձգման քաղաքական դրդապատճառները:
Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության աջակցությամբ վերականգնվեց և վերաբացվեց 2010 թվականին, և դրանից ի վեր պատրիարքարանը այստեղ տարին մեկ անգամ՝ սեպտեմբերի առաջին կիրակի օրը պատարագ էր մատուցում: Այս տարի արդեն 6-րդ անգամ նախանշված արարողությունը, սակայն, առանձնահատուկ էր, քանի որ անցկացվելու էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Դանզիկյանի փոխանցմամբ՝ անկալվում էր, որ դրան մասնակցելու կգան բազմաթիվ հյուրեր Հայաստանից և հայկական սփյուռքից:
Վերջին տարիներին Վան այցելող զբոսաշրջիկների թիվը լուրջ աճ է գրանցել: Այս հանգամանքը կապված է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման հետ: Վանի մշակույթի և զբոսաշրջության տարածքային տնօրինության տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին շուրջ կես միլիոն տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկ է այցելել Վան: