Դեպքի հաջորդ օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը Գլխավոր դատախազի ցուցումով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մարմինն արդեն որոշում կկայացնի քրեական գործ հարոցել-չհարուցելու մասին։
Հիշեցնեմ․ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անցած ուրբաթ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանը ապտակել էր հանրահավաքի մասնակիցներից մեկին՝ 67-ամյա Հակոբ Նազարյանին: Դեպքից հետո ոստիկնաապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով դադարեցվել են ոստիկանի լիազորությունները և նշանակվել է ծառայողական քննություն։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության հետ զրույցում անդրադառնալով հանրապետության հրապարակում ականատեսների, ինչպես նաև լրագրողների տեսախցիկների առջև կատարվածին՝ հույս հայտնեց, որ իրավապահներն այս անգամ չեն կոծկի այն․ - «Հանցագործությունն ակնհայտ է: Մայրերի դեպքը, կան դրանից առաջ կամ հետո եղած դեպքերը բոլորը եղել են հանձնարարությամբ․ որևէ ոստիկան ինքը, իր նախաձեռնությամբ մարդ չի ծեծել, ինքը իր նախաձեռնությամբ մարդ չի սպանել, ինքը իր նախաձեռնությամբ ցուցարար չի ձերբակալել: Նրանց բոլորին հանձնարարվել է անել դա: Ոստիկաններն ուղղակի որպես կույր գործիք տեղավորվել են այդ հանձնարարությունների և պահանջների շրջանակներում: Այս դեպքը, կարծում եմ, եղել է հենց անձամբ այդ ոստիկանի նախաձեռնությունը, դրա համար էլ նրա հետ կվարվեն, կարծում եմ, բավականին խիստ»:
Նախագահականի դիմաց պարբերաբար բողոքի ցույցեր անցկացնող որդեկորույս մայրերը, սակայն, թերահավատ են, որ ոստիկանը արժանի պատիժ կստանա։ Փորձ ունեն՝ իրենց նկատմամբ բռնի ուժ կիրառած իրաապահները որեւէ անգամ չեն պատժվել․ - «Եթե ոստիկանը սեւազգեստ մորը կապտակի, եթե այդ ժամանակից մեկնումեկին բռնեին կամ խիստ նկատողություն տային, նման բան տեղի չէր ունենա։ Այսինքն՝ վերևից ինչ-որ մեկն ասում է՝ ինչ անես, ես տեր եմ»:
67-ամյա Հակոբ Նազարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ոչ միայն իրեն ապտակած ոստիկանի, այլև նրա վերադասի դեմ։ Պնդում է՝ առաց այն էլ խնդիրներ ուներ լսողության հետ, հիմա վիճակն ավելի է վատացել․ - «Էդ ոստիկանը ուղղակի սովորական կատարող է, մինչև իրեն կարգադրող չլիներ, ինքը երբեք ձեռքերին ազատություն չէր տալու: Հետևաբար ես ուզում եմ, որ այդ մարդը դատվի: Ես արդեն բողոքս ներկայացրել եմ և մինչև վերջ տանելու եմ այս գործը, որ ինքը պատասխանատվության ենթարկվի»: