Մատչելիության հղումներ

Սառնակունքը «դատարկվել ու ծերացել է»


Սառնակունքի բնակիչ Հայկ Գևորգյանը զրուցում է «Ազատության» հետ
Սառնակունքի բնակիչ Հայկ Գևորգյանը զրուցում է «Ազատության» հետ

«Ջահելությունը հենա Ռուսաստաններում են․․․ ծերանում ա ժողովուրդը, հայաթափվում ա», - «Ազատության» հետ զրույցում ասում է սառնակունքցի Հայկ Գևորգյանը:

Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ Հայկ Գևորգյանը դժվարությամբ հիշեց, որ մարզային իշխանության ներկայացուցիչներին իրենց գյուղում վերջին անգամ տեսել է խորհրդարանական ընտրություններից հետո:

Մարզպետին ևս այդ ժամանակ է տեսել․ - «Ասեց՝ չե՞ք ամաչում 48 տոկոս ձեն եք տվել․․․ Մի լավ ամոթանք տվեց»:

Այդ հանդիպումից հետո Գևորգյանը որոշել է չմասնակցել ընտրություններին ու «իր գլխի ճարը ինքը տեսնել»․ - «Անկանոն, անկարգավորված պետության ա: Իրանց թվում ա, թե կարգուկանոնն իրանց ձեռն ա: Ժողովուրդ էլ ի վիճակի չեն բողոքելու․․․ Ո՞ւմ բողոքեն»:

Նրա բնորոշմամբ՝ 350 բնակիչ ունեցող գյուղը «դատարկվել ու ծերացել է»․ - «Ջահելությունը հենա Ռուսաստաններում են․․․ ծերանում ա ժողովուրդը, հայաթափվում ա»:

Սառնակունքում մնացած գյուղացիները, Գևորգյանը փոխանցմամբ, գյուղատնտեսությամբ նախընտրում են չզբաղվել: Ինքը, օրինակ, այսօր ապրուստը վաստակում է դաշտերից ու անտառներից հավաքած դեղաբույսերը Սիսիան - Երևան ավտոմայրուղում վաճառելով․ - «Ունեցել եմ ժամանակին իրեք գոմ, էսօրվա դրությամբ իրեք գոմս էլ դատարկ են, որովհետև չի արդարացնում: Ընդերքից դուս էկած հանքային ջրերն ավելի թանկ են, քան համապատասխան լիտրի չափով մեր ստացած կաթը»: Հավելեց, որ դեղաբույսերն էլ ոչ միշտ են լավ վաճառվում:

Սառնակունքցի Նորա Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում բողոքեց․ - «Ժամանակին ջուրը չեն տալիս: Հեսա գալու են ասեն՝ ջրերի փողը տվեք․․․ Էս տարի մի յանից որդն ա ուտում, մի յանից ջուրը չկա, մի յանից՝ երաշտը․․․ լրիվ ժողովուրդը սնանկացած ա էս տարի: Ինչքան գնում ա, վատին ա գնում մեր գյուղը»:

42-ամյա Մարինեն ասաց, որ արդեն 10 տարի ամսական 100 հազար դրամ միայն վարկերի տոկոսներն են մարում․ - «Միլիոնուկես մի բանկում ունենք, 2 միլիոն մի բանկում ունենք, անընդհատ վարկերի մեջ ենք»:

Մարինեի հարևան Նիկոլայը նույնպես դժգոհ է: Նա համոզված է, որ նույնիսկ ընտրություններով գյուղում իրավիճակը չի փոխվի․ - «Որ չընտրենք՝ ի՞նչ: Ոչ մի բան: Ընտրում ենք էլի մեզ համար սուս ու փուս․․․ Դե իրանք են դնում, իրանց էլ ընտրում ենք: Չընտրենք էլ՝ անցնելու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG