Սեպտեմբերի 13-ին հանրապետության 23 համայնքներում, այդ թվում Լոռու մարզի Անտառամուտ գյուղում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Անտառամուտի ներկայիս գյուղապետ, հանրապետական Մարտուն Համբարձումյանը չի առաջադրել իր թեկնածությունը, ասում է, թե առողջական խնդիրներ ունի:
Գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ: Անկուսակցական Սանդրո Գևորգյանը կմրցի իր քեռու տղայի՝ Հանրապետական կուսակցության անդամ Արայիկ Գևորգյանի հետ:
Թեև թեկնածուներից մեկը և գործող գյուղապետը նույն կուսակցությունից են, վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեռ չի կողմնորոշվել, թե ում է սատարելու:
«Իրենց ծրագրերը դեռ չեն լուսաբանել, իրենց ծրագիրը լսելուց հետո հանդիպենք, ձեզ կպատասխանեմ»,- ասում է հանրապետական գյուղապետը:
Անտառամուտցիները դժգոհ են իրենց ապրելակերպից, կյանքի պայմաններից: Նրանցից ոմանք ակնկալում են, որ նոր գյուղապետի օրոք ինչ-որ դրական տեղաշարժ կլինի գյուղում:
«Դե, թեկուզ փոքրիկ մի ցեխ բացի, աշխատատեղեր բացի, էլի մի քանի մարդ կաշխատի, գյուղի համար դրական կլինի էլի»,- ասում է գյուղացիներից մեկը:
Շատերն էլ համոզված են, որ գյուղապետի պաշտոնը ձևական է: Ըստ նրանց, նոր գյուղապետն էլ չի կարող լուծել իրենց գյուղի խնդիրները:
«Գյուղապետից ոչ մի բան կախված չէ, նույն ձևով շարունակվելու է, չե՞ք տեսնում ինչ է կատարվում ամբողջ Հայաստանում», «100 հատ գյուղապետ ենք ունեցել, ոչինչ չի փոխվել, նոր գյուղապետն ի՞նչ կարա փոխի», - ասում են գյուղացիները:
«Ազատության» հետ զրույցում թեկնածուները նշեցին, թե մտադիր են գյուղի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ ճանապարհների խնդիրը լուծել, քանի որ ձմռանը դրանք դժվարանցանելի են դառնում, տրանսպորտ հազվադեպ է աշխատում:
Նաև երկուսն էլ խոստանում են Անտառամուտում հանդիսությունների սրահ բացել:
Սանդրո Գևորգյանը տարբեր ծրագրերի ու հովանավորների աջակցությամբ է փորձելու գյուղում հարցեր լուծել, իսկ Արայիկ Գևորգյանը՝ համայնքի բյուջեով և արտերկրում գտնվող իր ընկերների աջակցությամբ:
Գործող գյուղապետ Մարտուն Համբարձումյանը թեկնածուների խոստումներին չի հավատում, ասում է՝ փորձ ունի, համայնքի 6 միլիոն դրամի բյուջեով հնարավոր չէ գյուղում խնդիրներ լուծել, քանի որ դրա մեծ մասն ուղղվում է գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձին: