Երեկ կառավարությունը չորս միլիոն դրամ հատկացրեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերանորոգման համար։ Նույն այդ նպատակով Մայր թատրոնը մոտ կես տարի առաջ արդեն իսկ յոթ միլիոն եվրո էր ստացել։ Ընդ որում, կառավարությունն այդ գումարը վերցրել էր վարկով՝ 23 տարի մարման ժամկետով։
Ակադեմիական թատրոնի ծախսերը, սակայն, այսքանով չեն ավարտվի. թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի խոսքով, և՛ս 58 միլիոն դրամ է անհրաժեշտ օդորակման նոր համակարգ տեղադրելու համար։
«Բայց նման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է սկզբնական փուլում նախագծային-նախահաշվային աշխատանքներ, որը կատարում է մեկ ուրիշ կազմակերպություն։ Երեկ կառավարության որոշմամբ՝ չորս միլիոն դրամ այդ գումարը նախագծային-նախահաշվային աշխատանքների համար տրամադրվեց», - ասաց Դավթյանը։
Ավելի վաղ թատրոնին գումար էր հատկացրել նաև «Լինսի» հիմնադրամը, թե հստակ որքան գումար է ծախսվել, թատրոնի տնօրենը դժվարացավ ասել, բայց վստահեցրեց, որ գումարները ծառայում են իրենց նպատակին։
Թատերագետ Լևոն Մութաֆյանին ուրախացնում է Սունդուկյանի վերազինման փաստը, սակայն նշում է՝ եթե դա արվում է մշակույթի զարգացման համար, ապա կարելի է գոնե չանտեսել մյուս թատրոնները։
«Սունդուկյանի անվան թատրոնին շատ ավելին տալով հանդերձ պետք է մենք չմոռանանք ստրատեգիական նշանակության մյուս թատրոնները՝ Գորիսի, Արտաշատի, նաև համայնքային թատրոններին՝ Կապանի, Գավառի թատրոնները, Քալանթարի անվան թատրոնը, որոնք սարսափելի ծանր վիճակում են գտնվում», - ասաց Մութաֆյանը։
Մայր թատրոնի տնօրենը, սակայն, բնական է համարում, որ կառավարությունն իրենց ավելի շատ գումար է հատկացրել։ Ասում է՝ թատրոնն իզուր չէ կոչվում ազգային ակադեմիական։
«Ինչ-որ մի տարբերություն պետք է լինի՞ սովորական թատրոնից՝ Պետրոս Պետրոսյանի թատրոն և Պետրոս Պետրոսյանի ազգային թատրոն։ Ինչի՞ համար է ինքը ազգային, այն էլ ակադեմիական։ Ի՞նչ եք ասում, «Մետրո» թատրոնին հատկացնեն այնքան գումար, որքան Սունդուկյա՞ն թատրոնին», - ասաց Ստեփան Դավթյանը։
Թատերագետ Լևոն Մութաֆյանը մինչդեռ ընդգծում է՝ միայն փափուկ աթոռներով ու նորարարական տեխնիկայով լուսավորված բեմով թատրոնին կյանք չես տա, անհրաժեշտ է թարմացնել խաղացանկն, ու ամենակարևորը՝ դերասանները պետք է արժանավույնս վարձատրվեն։
«Հրազդանի քաղաքային թատրոնի, Աբովյանի քաղաքային թատրոնի տարեկան բյուջեն, այսինքն՝ սուբսիդիան, երեք միլիոն դրամ է, մինչդեռ նախագահականում անցած տարի վեց միլիոն դրամ ծախսվել էր զուգարանի թուղթ գնելու համար», - ասաց Մութաֆյանը։
Ցածր աշխատավարձերի հարցը մտահոգում է նաև ակադեմիական թատրոնի տնօրինությանը։ Գումար աշխատելու համար դերասանները շատ ժամանակ ստիպված են լինում նկարահանվել սերիալաներում կամ ֆիլմերում, ինչի արդյունքում կտրվում են թատրոնից, անգամ ներկայացման փորձերին են դժվարությամբ մասնակցում։
Դերասանական թիմից բացի, վարձատրությունից դժգոհում են նաև կուլիսներում աշխատողները։ «Մենք նվիրյալներ ենք, թատրոնի աշխատողը առհասարակ նվիրյալ է, որվհետև այդ ողորմելի քիչ աշխատավարձով ամբողջ օրդ անցկացնում ես թատրոնում», - ասաց աշխատողներից մեկը։
Ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգումը նախատեսված է ավարտել մեկ տարի անց միայն, մինչ այդ թատրոնում ներկայացումներ չեն բեմադրվի, թատերախումբը կշրջագայի մարզերով։