Մատչելիության հղումներ

MH370-ի օդանավը գուցե ընդհանրապես չհայտնաբերվի


Միջազգային փորձագետները շարունակում են «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH370 չվերթի կործանված օդանավի բեկորն ուսումնասիրելու աշխատանքները։ Ուսումնասիրություններն անցկացվում են Ֆրանսիայի լաբորատորիաներից մեկում։ Մասնագետների նպատակն է պարզել անցյալ տարի կործանված օդանավի աղետի իրական վայրը։

Eclipse Group անվանումը կրող փորձագետների խումբը մասնագիտացած է ստորջրյա թափոնների կամ բեկորների ուսումնասիրության մեջ։ Դրանցից են, օրինակ, Միջերկրական ծովում նրանց հայտնաբերած «Էֆ 14 Թոմքեթ» մակնիշի կործանիչը և «Տիտանիկ»-ից հանված առարկաները։

«Ամերիկայի Ձայն»-ը այս խմբի հիմնադիր Սթիվըն Սեյնթ Ամուրի հետ Skype-ով հարցազրույց է անցկացրել Մասաչուսեթսից: Նա ասում է, թե ամեն ինչ շատ բարդ է՝ հայտնաբերված բեկորը միայն հաստատում է, որ օդանավը կործանվել է օվկիանոսում։ Նրա խոսքով՝ օդանավի բեկորն այստեղ են քշել արևմտաավստրալական հոսանքները, որոնք, անցնելով Ավստրալիայի ափերի մոտով, թեքվում են դեպի արևմուտք ու հայտնվում Հնդկական օվկիանոսում, ճյուղավորվում Մադագասկարի մոտ։

Եթե փորձագետներին հաջողվի գտնել որոնման աշխատանքները շարունակելու նոր հատված, ծովի հատակը նկարահանող սարքերը կվերսկսեն բեկորների որոնումը։ Այնուհետև մասերը վերականգնող ընկերությունը, կիրառելով հեռակառավարվող ինքնագնացներ, կսկսի հետազոտություն։ Ինքնագնացներն ունեն ոչ միայն տեսախցիկներ, այլև պողպատե թևեր՝ բեկորները վեր հանելու համար։ Eclipse-ն այժմ պատրաստում է մի նոր սարք, որը կարող է ջրի տակ իջնել մինչև 6 հազար մետր։

MH370-ի որոնման աշխատանքների վերսկսումը կախված է ֆինանսավորումից ու ժամանակից։ Ինչպես Սեյնթ Ամուրն է ասում, Հնդկական օվկիանոսը հսկայական է, ու օդանավը հայտնաբերելու համար գուցե տարիներ պահանջվեն: Կամ էլ հնարավոր է՝ այն ընդհանրապես երբեք չհայտնաբերվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG