Մատչելիության հղումներ

Համալիրի գնորդը մտադիր է այնտեղ խաղատուն կառուցել


Կառավարությունը գնահատվածից երկու անգամ էժան է վաճառելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ՝ մոտ 60.7 միլիոն դոլար գնահատված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ու հարակից 9.5 հեկտար հողամասը ավելի քան երկու անգամ էժան՝ 30 միլիոն դոլարով առանց մրցույթի վաճառելու է ընդամենը մեկ ամիս առաջ հիմնադրված ընկերությանը՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին:

Առքուվաճառքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2015թ․ հուլիսի 20-ին գրանցված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը, ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի, պարտավորվում է չորս տարվա ընթացքում առնվազն 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել, որի արդյունքում վերանորոգված համալիրը պետք է դառնա «ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում»: Ըստ պաշտոնական փաստաթղթերի, նոր համալիրը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ո՞ր ընկերությունն է իրականացրել համալիրի գնահատումը, արդյոք գնահատում իրականացնող ընկերությունների մրցույթ հայտարարվե՞լ է, ինչո՞ւ է համալիրը վաճառվում առանց մրցույթի և ինչո՞ւ է ընտրվել հենց 24 օր առաջ գրանցված ընկերությունը․ «Ազատությունը» այսօր չկարողացավ ստանալ այս հարցերի պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG