Մատչելիության հղումներ

ՍԴ-ն վարույթ է ընդունել «Իլուր» կայքի դիմումը


ՍԴ-ն վարույթ է ընդունել «Իլուր» կայքի դիմումը
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Կայքը, մասնավորապես, վիճարկում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրականությունը:

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Իլուր» էլեկտրոնային կայքի դիմումը, որը վերաբերում է լրատվության աղբյուրների գաղտնիության պաշտպանությանը։

Կայքը, մասնավորապես, վիճարկում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածների սահմանադրականությունը, որոնց հիման վրա անցած տարվա ամռանը առաջին ատյանի դատարանը «Իլուր»-ին պարտավորեցրեց բացահայտել գյումրեցի ճանաչված ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը։

Կայքը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրել էր, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանն է ալկոհոլի ազդեցության տակ հարձակվել և հարվածել ըմբիշին։ Եվ երբ դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ, ու լրատվամիջոցը հրաժարվեց աղբյուրը բացահայտել, խմբագիր Քրիստինե Խանումյանին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեղադրանք առաջադրվեց: Գործը, սակայն, կարճվեց միջազգային կազմակերպությունների արձագանքից հետո։

«Բոլոր հոդվածները, որոնցով փորձ է կատարվել պատրանք ստեղծել, որ օրենքի հիման վրա սահմանափակվում է լրատվամիջոցի աղբյուրի գաղտնիության իրավունքը, մենք փորձել ենք քանդել այդ միֆը, այդ պատրանքը և հիմնավորել, որ այն ամենը, ինչ կատարվում է, որևէ կապ չունի իրավական պետություն եզրի հետ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանում «Իլուր»-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Սրանք ուղղակի արդարադատության անվան տակ իրականացվող կամայական գործողություններ են, օրենքով չսահմանված և չնախատեսված միջամտություն են Հատուկ քննչական ծառայության, Գլխավոր դատախազության և դատական երեք ատյանների կողմից», - հավելեց փաստաբանը։

Կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը «Ազատության» հետ զրույցում կարևորեց Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ թեկուզ լրատվամիջոցների դեմ ապագայում նման ոտնձգությունները կանխելու համար։ Քանի որ, Խանումյանի համոզմամբ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «պատերազմ է հայտարարել» ԶԼՄ-ների դեմ, և եթե չլիներ միջազգային կազմակերպությունների բուռն արձագանքը, իր նկատմամբ քրեական հետապնդումը չէր դադարեցվի. - «Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ նախաքննության գաղտնիքի հետ կապված ինքը պարզ ասաց, որ ինքը պատերազմ է հայտարարելու, և, ըստ էության, հայտարարեց այդ պատերազմը: Մենք դարձանք հենց այդ «նախադեպային խնդիրը», որը կա՛մ այսպես պիտի լուծվեր, կա՛մ այնպես: Եվ նույն Կոստանյանը, ի դեպ, միջազգային ճնշման ներքո ստիպված խոստովանում է, որ իրավական հիմք չկար գործ հարուցելու»:

«Իրենք, բնականաբար, գիտեին, որ իրենք «գործ են թխում»», - շարունակեց Խանումյանը: - «Ընդ որում՝ շատ անգրագետ միջոցներով: Բայց քանի որ արդեն սկսել էին, չէին ուզում հետ քայլ անել: Մտածում էին, որ կա՛մ կվախենանք մենք և կբացահայտենք, և գործը լրիվ այլ ընթացք կստանա, կա՛մ գործարքի գուցե կգնանք իրենց հետ: Եվ արդյունքում և՛ ոչխարները ողջ կլինեն, և՛ գայլերը՝ կուշտ: Մի կողմից, կստացվեր, որ իրենք աշխատել են: Երկրորդ՝ բուն հանցագործությունը այդպես էլ կոծկած կմնար: Եվ երրորդը, երբ դեմք մաքրելու հարց կլիներ, մեզ կմեղադրեին․ կասեին՝ լրատվամիջոցները գրել են, լրատվամիջոցները այլևս չեն հիշում․․․ Սա լրագրողական պատվի, սկզբունքի հարց է՝ մնացած այդ իրավական հարցերից դուրս: Սա քաղաքական հարց է: Սա Սերժ Սարգսյանի ձեռքում, կոպիտ ասած՝ քաղաքական մահակ հանդիսացող Գևորգ Կոստանյանի՝ լրատվության դեմ հայտարարած պատերազմին մեր պատասխանն է»:

Հիշեցնենք, նույն թեմայով հրապարակման համար դատարանը նաև «Հրապարակ» օրաթերթին էր պարտավորեցրել աղբյուրը բացահայտել: «Հրապարակ»-ը ևս դիմել է Սահմանադրական դատարան։ Տեղեկացանք, որ երկու լրատվամիջոցների դիմումները հոկտեմբերին միասին են քննվելու։

Վերաքննիչ ատյանում այս լրատվամիջոցների ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է «չոչնչացնել» լրագրողների իրավունքները. - «Կա մի հատ սահման, որից հետո պիտի հայտարարես, որ դու կորեական տիպի բռնատիրություն ես: Որովհետև լրագրողը իրավունք ունի իր խմբագրից անգամ այդ աղբյուրը թաքցնել: Որ այդ իրավունքը վերացնելը, ոչնչացնելը նշանակում է ուղղակի լրատվական դաշտը բերել պետական քարոզչամեքենային հավասարեցնել: Այսինքն՝ լրատվության դոզա, որը թույլատրվում է իշխանությունների կողմից»:

XS
SM
MD
LG