Մատչելիության հղումներ

ՊԲ խոսնակ. Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակահերթերը չեն դադարում


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, իրավիճակը սահմանում վերահսկելի է։

Հայ զինծառայողի երեկվա սպանությունից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակահերթերը չի դադարեցնում։

Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ գիշերվա ընթացքում հակառակորդը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 3 հազար կրակոց։

ՊԲ խոսնակը մանրամասնեց, որ ադրբեջանական կողմը օգտագործել է նաև հրետանային զինատեսակներ, մասնավորապես՝ ականանետեր։ Ըստ Հասրաթյանի, հայկական կողմը պատասխան գործողություններ է ձեռնարկել, իրավիճակը վերահսկելի է։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է վերջին օրերի սահմանային լարվածությանը՝ զգուշացնելով Ադրբեջանին, որ հայկական կողմը միայն պաշտպանվելով չի սահմանափակվելու։

«Մենք մեր առջև դրված խնդիրները կատարել և կատարում ենք, և պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլև կանխարգելիչ միջոցառումներ, նաև զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել», - ասաց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ադրդբեջանին ուղղված նախազգուշական ևս մեկ հայտարարություն էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր երեկ՝ սահմանին արձանագրված դիվերսիոն փորձերից հետո։

Օհանյանի խոսքով, Եվրոպական խաղերի ավարտից հետո ադրբեջանական կողմը կրկին փորձում է սրել իրավիճակը, վերջին օրերին մի քանի դիվերսիոն փորձեր են կանխվել։

«Մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ գտնել իրենց համար, կամ տնտեսական։ Լարվածությունը այս երկու ամիսների ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքից են կրակել, այլ նաև խոշոր հրաձգային զենքերից են կրակել, և նաև ականանետերից կրակային խոցման աստիճանը բարձրացել է՝ 60, 82 և մինչև 120 միլիմետրանոց ականանետերից կրակոցներ եղել են», - ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով, իրավիճակը սահմանում վերահսկելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG