Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայողի նկատմամբ դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքով հարուցված քրեական գործը՝ շուրջ 72 հատոր, քննեց, ըստ էության, տասը ժամում ու հրապարակեց դատական ակտ։
Դատական նիստին հետևող փաստաբաններից Լուսինե Սահակյանի խոսքով, ավելի ճիշտ կլիներ, եթե ռուսական կողմը չշտապեր ու դատաքննությունն ավելի մանրամասն անցկացներ։
«Կարծես նպատակը նա էր, որպեսզի ռուսական կողմը հիմնավորեր, որ իրենք շատ շտապ կարող են դատավարություն անել և իրենց զինվորին դատել։ Այդ հաղորդումը կար նաև մեղադրողի ճառում, որը, ըստ էության, իր ճառն ամբողջությամբ հիմնել էր նրա վրա, որ հայ-ռուսական հարաբերությունները այս հանցագործության հետևանքով կարծես թե խաթարվել են, և կարծես նրանք ցանկանում էին ապացուցել, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի դատապարտեն այդ զինվորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։
Հնարավոր էր, որ և՛ ռուսական, և՛ հայկական դատարանները զուգահեռ դատական գործընթաց սկսեին, սակայն գործը դրան չհասավ. ռուսական կողմը շտապեց օր առաջ հրապարակել դատավճիռը։
Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին։
Ռուսական կողմի դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո խնդիր է առաջանում Պերմյակովի՝ պատժի կրման հարցում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով, այս հարցում ևս կողմերը համաձայնություն ձեռք կբերեն։
«Եթե պայմանականորեն ընդունենք, որ օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա արդեն պետք է պատիժ կրի, այստեղ որոշակի աննախադեպ իրավիճակ է ծագելու. դատավճռում նշված է, որ նա պետք է պատիժը կրի կոնկրետ քրեակատարողական հիմնարկում՝ ավելի փակ ռեժիմի պայմաններում, այս դեպքում արդեն խնդիրը ծագելու է, թե ինչպե՞ս պետք է նա միաժամանակ պատիժ կրի այդ հիմնարկում և միաժամանակ հայկական կողմի դատաքննությանը ներկայությունը, մասնակցությունն ապահովվի», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Այստեղ կրկին համաձայնությունների խնդիրն է գալու, և քանի որ վարույթը համաձայնության շրջանակներում փոխանցվել է հայկական կողմին, առավել քան վստահ եմ, որ այդ համաձայնությունը նախնական կա՝ նրա ներկայությունը ապահովվելու, և խորին համոզմունք ունեմ, որ այսքան միջոցառումներից հետո ռուսական կողմը չի գնա ծայրահեղ քայլին, որ Պերմյակովին տեղափոխի Ռուսաստան՝ պատիժը կրելու»։
Փաստաբանի համոզմամբ՝ Պերմյակովը կմնա Հայաստանում մինչև հայկական կողմի դատաքննության ավարտը։
«Հակառակ պարագայում, ավելի խիստ դժգոհություններ կլինեն՝ թեկուզ մեր կողմից, հարազատների կողմից, եթե հանկարծ նման ծայրահեղ քայլի գնան, պատիժը կրելու համար տեղափոխեն, և դատաքննությանը նրա ներկայությունը չլինի։ Քանի որ առանց Պերմյակովի մասնակցության Հայաստանում չի կարող դատաքննություն տեղի ունենալ, օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չէ։ Իսկ եթե պետք է ներկա լինի, հետևաբար, ամենահավանական տարբերակը՝ նա կշարունակի գտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում, այստեղ պատիժը կկրի՝ ռուսական դատավճռի, մինչև հայկական կողմի դատավճռի կայացումը, որից հետո արդեն պատիժների համակցություն տեղի կունենա, կորոշվի նրա հետագա պատիժը կրելու վայրը», - ասաց Սարգսյանը։