Մատչելիության հղումներ

Վարդան Այվազյանի ծննդավայրում «պատերազմական իրավիճակ է»


Վարդան Այվազյանի ծննդավայրում «պատերազմական իրավիճակ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Ջավախքի Տաբածղուր և Մոլիտ գյուղերում կրքերը արդեն երկու օր է չեն հանդարտվում: Բնակիչներն ասում են, որ հարակից լճի տարածքը պատերազմական թատերաբեմի է վերածվել։

«Մի կողմում մենք ենք, մյուսում՝ Վարդան Այվազյանն ու Վրաստանի իշխանությունները», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց Տաբածղուրի բնակիչ Մարզպետ Հակոբյանը․ - «Մինիստրի առաջին տեղակալի ներկայությամբ եկել էր: Խփել են տղերքին մեր, միլիցեքը այդտեղ էին, բողոքեցինք: Ոչ մի ուշադրություն չեն դարձնում»:

160 ընտանիք ունեցող գյուղի հարևանությամբ գտնվող լիճը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է: Հինգ տարի ի վեր, սակայն, գյուղացիները չեն կարողանում այստեղ ձկնորսություն անել, քանի որ լիճը 20 տարով վարձակալել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, Տաբածղուրում ծնված Վարդան Այվազյանը։

Լիճը Այվազյանին զիջելու հետ գյուղում չեն հաշտվում, թեև հայաստանցի պատգամավորի շահերը պաշտպանելու համար պարբերաբար ոստիկանական ուժեր են բերվում։

Վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել երեկ, ինչից հետո զայրացած գյուղացիները մի քանի ժամով փակել էին գյուղի «Լճի մոտ» կոչվող ճանապարհը։

«Մենք արդեն հույս չունեինք, մահամերձ էինք լինում ոնց ասած, ստիպված էինք մտնել ջուրը, եկան չթողին, նորից կռիվ, պատերազմ։ Մենք ինչքան դիմում ենք, խաբում են, ասում են՝ էդ հարցը լուծեք ձեր Այվազյանի հետ: Այվազյանն էլ ո՛չ գալիս ա, ո՛չ բան», - ասաց գյուղացիներից մեկը։

2010 թվականի Տաբածղուրի լճի աճուրդին միայն մեկ՝ «Լճեր» ընկերությունն է մասնակցել, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում էր Վարդան Այվազյանին: Հետագայում բաժնեմասը վերաձևակերպվել է «Լճեր» ընկերության տնօրեն Արմեն Այվազյանի անունով։

Գյուղացիները պնդում են, որ պայմանագրի համաձայն լճում ձկների քանակը չորս տարվա ընթացքում պետք է հասցվեր 60 տոննայի, սակայն փոխարենը Սևանա լճից տոննաներով խեցգետին է բերվել, և արդյունքում՝ եղած ձկները պակասել են, մի քանի տեսակ էլ՝ վերացել։

Երեկվա միջադեպից հետո Վրաստանի բնապահպանության նախարարության պաշտոնյաները խոստացել են, որ կզբաղվեն ձկնորսության համար 10 բնակչի լիցենզիա տալու հարցով։ Գյուղացիները, սակայն, չեն հավատում: «Ազատության» հետ զրույցում նրանք ասում էին, որ նման խոստումներ բազմիցս են լսել։

«Անպայման նրանց նպատակն է, որ մի քանի հոգու բռնեն, նստեցնեն, որ ժողովուրդը խաղաղվի: Բայց չի խաղաղվի: Արդեն երևի ազգամիջյան կամ քաղաքացիական պատերազմի վերածվի, չեմ չափազանցնում, իրոք էդ ձևի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացած մի տաբածղուրցի:

Վարդան Այվազյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե Տաբածղուրի լիճը իրեն չի պատկանում․ - «Լիճը պատկանում է Վրաստանի Հանրապետության բնական ռեսուրսների նախարարությանը: Վարձակալողը ես չեմ, բայց վարձակալող անձնավորությունը ինձ մոտիկ է: Մենք գյուղի ազգաբնակչությանն ասել ենք, որ այդ ամբողջ ձուկը պատկանում է տվյալ գյուղի բնակիչներին: Բռնողին հասնում է հիսուն տոկոս ձուկի բռնածը, մնացած հիսուն տոկոսը իրենք պետք է դնեն գյուղի սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու: Իրենք պետք է գային, վերցնեին համապատասխան թույլտվությունը, բռնեին, իրենց ռեսուրսավճարը վճարեին, մնացածն էլ դնեին իրենց ընտանիքների, գյուղի սոցիալ-տնտեսական ծրագրերը լուծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG