Արարատի մարզի Ջրաշեն, Մարմարաշեն գյուղերում, ուր այս օրերին ակնկալում էին առատ բերք հավաքել, հիմա չորացած արտերն են ցույց տալիս․ ջրի սակավության պատճառով գյուղացիները ընդամենը մեկ կամ երկու անգամ են ջրել ցանքատարածությունները:
Գյուղացիները պնդում են, որ ջրօգտագործող ընկերությունը ներդրումներ չի անում՝ տասնյակ տարիների պատմություն ունեցող խողովակները նորոգելու համար:
Շրջելով Արարատի մարզի մի քանի գյուղերով՝ նկատեցինք, որ ջրատար խողովակները բազմաթիվ տեղերում վնասված են: Սա, գյուղացիների խոսքով, ջուր չունենալու պատճառներից մեկն է միայն:
«Շաբաթով կտրում են ջուրը․․․ ասում են՝ մաքրում ենք: Կարող են գարնան դեմ շուտ մաքրեն, աշնանը մաքրեն․․․ Ոնց որ դիտավորյալ անեն, ժողովրդի հոգու հետ խաղան», - «Ազատության»-ը ասաց տեղի բնակիչներից մեկը:
Գյուղացիներն այստեղ նաև ապօրինություն են տեսնում․ կառավարության որոշմամբ, 1 հեկտար ոռոգելու համար ջրօգտագործող ընկերությանը 11 հազար դրամ պետք է վճարեն, մինչդեռ իրենք տարածաշրջանի «Ազատ» ընկերությանը անցյալ տարի 20 հազար են վճարել, այս տարի ՝ 25 հազար դրամ:
Հազիվ ծայրը ծայրին հասցնելով, ամեն տարի նորանոր վարկեր վերցնելով՝ գյուղացիները ասում են, որ ստիպված են վճարել, հակառակ դեպքում ունեցածն էլ կկորցնեն:
Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետը հանձնարարեց ժամանակին ջրով ապահովել գյուղացիներին, որպեսզի բերքը «նորմալ հավաքեն»: Նա հորդորեց ջրօգտագործող ընկերություններին նույնիսկ 24 ժամ աշխատել, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա:
Մինչդեռ գյուղացիները պնդում են՝ խնդիր կա, և գյուղատնտեսությունը գերակա ուղղություն հայտարարած վարչապետին հրավիրում են գյուղ՝ սեփական աչքով տեսնելու, որ ժամանակին ջրով չեն ապահովվում, որ բերքը նորմալ չեն հավաքում: