Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ոչնչացվող պանրի մասին երգը լայն արձագանք է ստացել


Բուլդոզերը ոչնչացնում է Ռուսաստան ներկրված պանիրը, 6-ը օգոստոսի, 2015թ.
Բուլդոզերը ոչնչացնում է Ռուսաստան ներկրված պանիրը, 6-ը օգոստոսի, 2015թ.

Ռուսաստանում Եվրամիությունից ներկրված սննդամթերքի ոչնչացմանն ընդդիմանում է վրացի հայտնի երաժիշտ Զազա Զաալիշվիլին՝ «Պարմեզանի մահը» երգով:

Եվրամիությունից Ռուսաստան հասած և ոչնչացման դատապարտված պանրի ասքը օպերային, ջազ կատարումներով հայտնի Զաալիշվիլիի ուշադրությունն է գրավել ռուս հայտնի պոետի ստեղծագործության շնորհիվ: «Պարմեզանի մահը» երգի բառերը գրել է Անդրեյ Oրլովը, նա առավել լայն ճանաչում ունի որպես Օրլուշա:

«Այնտեղ՝ հեռվում, գետից այն կողմ, այրվում են տաք վառարաններ, սահմանապահներն անքուն են: Բայց, դրան անտեղյակ, պարմեզանի ջոկատը շարժվում է դեպի ռուսական սահմանը»: Այս բովանդակությամբ երգը սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր դիտումներ է ունեցել:

«Ընդհանրապես ես սիրում եմ գրել ինքնատիպ մեղեդիներ, բայց որոշեցի հեգնանք հաղորդել՝ օգտագործելով հին երգը, որը գրվել է, եթե չեմ սխալվում, 25 թվականին», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց Զազա Զաալիշվիլին։

Երաժիշտը Եվրամիությունից Ռուսաստան ներկրվող սննդամթերքի դեմ անողոք պայքարը դատապարտելով երգի միջոցով՝ չի շրջանցում անգամ փաստաթղթերը կեղծելու հնարամտությունը և դրան հաջորդող հետևանքները:

Նա նշում է, որ դեռ ոչնչացվող սննդամթերքի պատմությունից առաջ էր շատ սրտացավ Ռուսաստանի համար: «Ես շատ եմ սիրում ռուսերեն լեզուն, իմ մայրը Ռուսաստանից է: Ռուսերենով ավելի քան 60 երգ եմ գրել: Ռուսաստանում ունեմ շատ ընկերներ: Ինձ շատ է անհանգստացնում ներկայիս քաղաքական վիճակը», - ասում է Զաալիշվիլին:

Նա մինչ այս կատարումը երգում էր «Երբեք մենք չենք լինի եղբայրներ» երգը, որը հասցեագրված էր «Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնող ռուսներին»:

Ըստ վրացի երաժշտի, Ուկրաինայի պատմությունը ցնցել է իրեն: Եվ հենց այդ պատճառով է գրել իր առաջին քաղաքական երգը՝ մինչ այդ անհայտ Դմիտրուկի բառերը պատահաբար գտնելով Ֆեյսբուքում։ Նրա խոսքով, այդ երգը դարձել է շատ հայտնի, հոլովակը դիտել են միլիոնավոր մարդիկ:

Երաժիշտն ասում է, թե երբեք չի մտածել, որ կմտնի քաղաքականություն, քանի որ միշտ կարծել է, որ արվեստը, երաժշտությունը չպետք է խառնել քաղաքականությանը:

«Այդուհանդերձ, որպես քաղաքացի, որպես մարդ, որին հետաքրքրում է ոչ միայն երաժշտությունը, ոչ միայն երաժշտական խնդիրները, ես հասկանում եմ, որ աշխարհի բարեկեցությունը, նաև՝ արվեստի բարեկեցությունը կախված է, շատ դեպքերում, քաղաքականությունից: Այդ իսկ պատճառով արտահայտեցի իմ կարծիքը», - բացատրում է Զազա Զաալիշվիլին:

Երաժիշտը ձեռնպահ է մնում ռուսաստանցի արվեստագետ ընկերների հետ քաղաքական հարցեր քննարկելուց, պատճառաբանում է՝ նրանց շատ է սիրում, չի մեղադրում, որ անտարբեր են կամ իշխանամետ, ըմբռնումով է մոտենում, կարծում է, որ գուցե նրանց բարեկեցությունը կախված է իրենց պահվածքից:

Զազա Զաալիշվիլին խոստովանում է, որ ինքն էլ էր անտարբեր քաղաքականության նկատմամբ նախքան 2008 թվականի օգոստոսը, երբ ռուսական զորքերը մտան վրացական տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG