Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր ու եղբորորդու մեղադրանքները ծանրացվել են։
Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ «Սդղի գյոլ»-ի գործով մեղադրվող Սեյրան Խաչատրյանին և Էյներ Խաչատրյանին ի սկզբանե առաջադրված ծեծի մեղադրանքը փոխարինվել է անձի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու մեղադրանքով։
Եթե ծեծի հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երկամսյա կալանքն է, ապա, նոր մեղադրանքով, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Մարզպետի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը չի փոխվել, նրանք ազատության մեջ են՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Տեղեկացանք, որ մարզպետի եղբայրը հոգեբուժական դիսպանսերում է։ Մասնավորապես, երբ օգոստոսի 7-ին Սեյրան Խաչատրյանի մեղադրանքը փոխելու որոշում է կայացվել, և նա կանչվել է հարցաքննության, Խաչատրյանը գրավոր տեղեկացրել է, որ ունի որոշակի խնդիրներ ու գտնվում է բժշկական կենտրոնում։
«Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել բոլոր բժշկական փաստաթղթերը առգրավելու վերաբերյալ, և նշանակվել է փորձաքննություն` նաև պարզելու նրա առողջական վիճակը և բժշկական կենտրոնում գտնվելու հիմքերը», - ասաց Տռուզյանը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, մայիսի 2-ին Սեյրան և Էյներ Խաչատրյանները ևս Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մասնակցել են դաժան ծեծկռտուքին և բռնություն գործադրել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։
Մուշեղն ու նրա եղբայրը Հարություն Զաքարյանը, հիշեցնենք, ստացել էին մարմնական վնասվածքներ։ Հարությունի աչքը կուրացել է։ Վերջինիս ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ էլ, ինչպես հայտնի է, մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով շաբաթներ առաջ կալանավորվեց։
Հաշվի առնելով մարզպետի որդու՝ հոգեկան խնդիրների պատճառով բանակից տարկետում վերցնելու մասին տարածված տեղեկատվությունն ու Սեյրան Խաչատրյանի՝ դիսպանսերում գտնվելու հանգամանքը, հնչում են կարծիքներ, որ թերևս փորձ է արվում նրանց այդ հիմքերով ազատել քրեական պատասխանատվությունից։
Տուժող կողմի պաշտպանությունն իրականացնող «Էյ Էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Լևոն Սահակյանը «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց այդ կարծիքներին։
«Անկեղծ ասած, ես չեմ կարող բացառել, որ նման փորձեր կատարվում են։ Սակայն, եթե հետագայում պարզվի, որ իրականում նշված գործողությունները ձեր կողմից նշված ուղղությամբ են ընթանում, ապա վստահեցնում եմ, որ Զաքարյան եղբայրները կոնկրետ քայլերի կդիմեն», - ասաց Սահակյանը։
Փաստաբանը միաժամանակ համոզված էր, որ բանակից տարկետման փաստաթղթերը կամ ներկայումս դիսպանսերում գտնվելը, ըստ օրենքի, չեն կարող այդ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ։
«Շատ կարևոր է, որ այդ արարքը կատարելու պահին անձը լինի անմեղսունակության վիճակում, ոչ թե նախկինում, որևէ ախտորոշման համաձայն, ինքն ունենա այս կամ այն հոգեկան խնդիրը։ Այդ հանգամանքը կարող է պարզվել բացառապես դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձաքննությամբ», - ասաց փաստաբանը։
«Սդղի գյոլ»-ի գործով 6 մեղադրյալներից 4-ը Սյունիքի մարզպետի մերձավորներն են, նրանցից մեկը՝ մարզպետի եղբորորդի Մայիս Խաչատրյանը դեռ գտնվում է հետախուզման մեջ։
Գյումրիի «Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր, որ մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել, ավելին, հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարական տալ։
«Ակնհայտորեն այդ ընտանիքի անդամներն անընդհատ կապակցվում են քրեական հանցագործությունների հետ։ Համարենք, որ բոլոր քննություններով իրենք արդար են, բայց որ դուք սենսոր եք, դուք էնպիսի զգայուն ընտանեկան համակարգ եք մարդկային, որը զգում, գնում մտնում է քրեական հանցագործության միջավայրի մեջ, Սերժ Սարգսյան, վերցրու այդ ընտանիքի անդամներին, ասա՝ ախպեր, պետական կառավարման հետ գործ մի՛ ունեցեք, որովհետև դուք դրանով անհամեմատ մեծ վնաս եք տալիս, քան թե եթե լինեք պարզապես ֆիզիկական անձինք», - ասաց Բարսեղյանը՝ շեշտելով. - «Մարդը շատ կոնկրետ տեսնում է, որ քրեական անցյալով պաշտոնյան պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ այդպիսի պատմությունների մեջ է հայտնվում, և իրեն թողնում է իր պաշտոնում, հանում է՝ մի տարի հետո վերադարձնում է էլի իր պաշտոնին։ Ես ենթադրում եմ, որ այստեղ լուրջ կախումներ կան»։
Հավելենք, որ տուժած Հարություն Զաքարյանը դեռ Մոսկվայում է, մի քանի անգամ վիրահատվել է, սակայն բժիշկները տեսողությունը վերականգնելու հույս չեն տալիս։