Մատչելիության հղումներ

Սանասարյանի համոզմամբ՝ աուդիտը «մեծ հաշվով որևիցե բան չի տալու»


«Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյան, արխիվ
«Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյան, արխիվ

«Պետք է քրեական գործ հարուցեին, և դատախազությունը պետք է իր գործառույթները սկսեր», - համոզված է «Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչը:

Մինչ իշխանությունները պատրաստվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում իրականացվելիք աուդիտին ու հոսանքի սակագների հիմնավորվածության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններին՝ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը պահանջում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականն ու ՀԷՑ-ի ազգայնացումը:

Շարժման առաջնորդներից Դավիթ Սանասարյանը դեմ է աուդիտի միջոցով հարցի լուծմանը: Նա համոզված է, որ այդպիսով փորձ է արվում կոծկել կոռուպցիան ՀԷՑ-ում: «Ոտքի՛, Հայաստան»-ը մտադիր է նաև իշխանափոխություն անել:

«Իմ խորին համոզմունքով՝ իրենք ավելի շատ այս օրերին, մինչև էդ խորհրդատվական ընկերությանն էստեղ հրավիրելը, անելու են ամեն ինչ, որպեսզի քողարկեն էն բոլոր թերությունները, էն կոռուպցիոն ռիսկերը, բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, դա որևիցե դրական բան չի տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սանասարյանը:

«Դրա համար, մենք ի սկզբանե ասել ենք, որ մերժում ենք աուդիտով մարդկանց տուն գնալու մոտեցումը, մերժում ենք ընդհանրապես աուդիտով էս խնդիրներին լուծում տալը, քանի որ դա մեծ հաշվով որևիցե բան չի տալու», - հայտարարեց «Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Մենք ասել ենք, որ եթե ուզում են իրականում, եթե շահագրգռված են, որ էներգետիկ համակարգի փլուզումը կանխեն և բացահայտեն էն բոլոր հանցագործությունները, որոնց արդյունքում էներգետիկ համակարգը փլուզման եզրին է հայտնվել, իրենք պետք է քրեական գործ հարուցեին, և դատախազությունը պետք է իր գործառույթները սկսեր՝ և՛ էներգետիկայի նախարարությունում, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, և՛ ՀԷՑ-ում»:

«Հենց Սերժ Սարգսյանն էր իր ելույթի մեջ նշել, որ փլուզման եզրին է [էներգետիկ համակարգը], և եթե սակագինը չբարձրացնեինք, ուղղակի աղետալի է լինելու: Եվ դա հաղորդում էր հանցագործության մասին», - ընդգծեց Սանասարյանը:

Այսօր երեկոյան իրենց նախատեսած հանրահավաքի վերաբերյալ «Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչը ասաց․ - «Կոչով դիմել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ գան հրապարակ, և բավարար քանակով քաղաքացիներ հավաքվեն Հանրապետության հրապարակում, որպեսզի կարողանանք շրջափակել ամբողջ հրապարակը: Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, որպեսզի գան, և ձևավորենք այլընտրանքային՝ ժողովրդի կառավարություն և իշխանություն: Եթե չէ, եթե բավարար քանակով քաղաքացիներ չլինեն, նորից աշխատելու ենք, որպեսզի կարողանանք Հանրապետության հրապարակը դարձնել կրիտիկական հավաքատեղին, որտեղից մեկնարկելու է իշխանափոխությունը»:

Հիշեցնենք, երեկ կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG