Մատչելիության հղումներ

Վրացի պատգամավորի անձեռնմխելիությունը վտանգված է պետավտոտեսուչներին դիմադրելուց հետո


Վրաստանի խորհրդարանի նիստը Քութաիսիում, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նիստը Քութաիսիում, արխիվ

Վրացական իրավապահ մարմինները քննարկում են «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Պատգամավոր Գիորգի Կարբելաշվիլիի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու, հասարակական կարգ ապահովելու պարտավորություն ունեցող անձանց սպառնալու կամ վիրավորելու հատկանիշներով: Վրացական օրենքներով, այս հանցագործությունները նախատեսում են 4-7 տարվա ազատազրկում:

Նախքան գլխավոր դատախազության միջնորդությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հրապարակեց տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է պատգամավոր Գիորգի Կարբելաշվիլին Բորժոմի-Թբիլիսի ավտոճանապարհին անսթափ վիճակում հայհոյում, քաշքշում պետավտոտեսուչներին: Վերջիններս պատգամավորի մեքենան կանգնեցրել էին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով: Պատգամավորը, ըստ ոստիկանության, հրաժարվել է ցույց տալ փաստաթղթերը և իրեն այդ պահին ուղեկցող, հիմա՝ ոստիկանությունում ձերբակալվածի կարգավիճակում գտնվող անձի հետ սկսում է հայհոյել պետավտոտեսուչներին:

Նախորդ գիշեր Կարբելաշվիլին դեպքի վայրից մի քանի ժամով տեղափոխվել է ոստիկանություն, ապա ազատ է արձակվել: Նրան կալանավորելն արգելված է, քանի դեռ չի զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախ պնդում էր, որ կառավարությունը պատգամավորի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում: Ոստիկանության տեսանյութի հրապարակումից հետո արդեն հնչեցին հայտարարություններ, որ անթույլատրելի է արդարացնել պատգամավորի նման պահվածքը:

Ոստիկանության հրապարակած տեսանյութում պատկերված է, թե ինչպես է պատգամավորը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հիշատակում՝ մեղադրելով իր նկատմամբ հետապնդումներ իրականացնելու քաղաքական հրահանգներ տալու մեջ:

Տեսանյութում նաև պատկերված է, որ պետավտոտեսուչներից մեկը պատգամավորին կարգի բերելու անհաջող փորձերից հետո մեքենայից մի կերպ դուրս է պրծնում, հետո մյուս պետավտոտեսուչն է փորձում կարգի հրավիրել, ըստ ոստիկանության պաշտոնական հայտարարության, հարբածության ծայրահեղ վիճակում գտնվող պատգամավոր Կարբելաշվիլիին:

Ի դեպ, երեկ նախքան ոստիկանության տեսանյութի հրապարակումը պատգամավորը պնդում էր, թե ոստիկանները հագից հանել են շապիկը, սակայն տեսանյութում պարզ երևում է, որ հենց ինքն է հանում շապիկը:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ տեսանյութը հրապարակել է հանրային մեծ հետաքրքրության պատճառով:

Գիորգի Կարբելաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունից է:

Վրաստանում պետավտոտեսչությունը բարեփոխվեց նախկին նախագահի օրոք: Բարեփոխումներից հետո անցկացրած սոցիոլոգիական հարցումները վկայում էին հանրային վստահության բարձր աստիճանի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG