«Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրներում քաղաքականությունն ու բիզնես շահերը բավարար չափով տարանջատված չեն: Կոռուպցիայի մեկ այլ մակարդակ է այն, ինչ մենք կոչում ենք վարչական կոռուպցիա, երբ քաղաքացին գործ է ունենում պետական կառույցների հետ, օրինակ՝ կրթության, առողջապահության հարցերով, կամ ոստիկանության հետ, և կաշառքի ռիսկ կա: Հայտնի է, շատ երկրներում կոռուպցիայի առաջին տեսակի դեմ պայքարը շատ դժվար է: Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի գերազանց մեկնարկ են ունեցել՝ կենտրոնանալով վարչական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Գրեթե չորս տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումից, որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: 2011 թվականի նոյեմբերի 9-ին կայացած Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր․ - «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:
Սակայն անցած տարիներին լրատվամիջոցներն ուղղակի հեղեղված էին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ազգականներին պատկանող բիզնեսների մասին հրապարակումներով:
Անցած տարվա ապրիլին, օմբուդսմենը անգամ հատուկ զեկույց հրապարակեց, ըստ որի, Հայաստանում հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով՝ արդյունքում անօրինական առավելություններ ստանալով միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:
Այս ամենի ֆոնին կառավարությունը այս տարվա փետրվարին ստեղծեց կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ խորհուրդը և օրերս կայացած այդ խորհրդի նիստում հավանության արժանացրեց հակակոռուպցիոն արդեն երրորդ ռազմավարությունը:
Ի դեպ, հակակոռուպցիոն նոր խորհրդի հենց առաջին նիստից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով գլխավորում է խորհուրդը, հանդիպեց շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը «բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում»:
Մինչդեռ, նույն օրը «Հետք» պարբերականի հրապարակումից հայտնի դարձավ, որ շվեյցարահայ գործարարը վարչապետի որդու՝ Արգամ Աբրահամյանի, բիզնես-գործընկերն է, և Սրմաքեշի գլխավորած «Ֆրանկ Մյուլլեր Երևան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12 տոկոսը պատկանում է վարչապետի որդուն:
Հարցին, թե որքանով արդյունավետ կլինի կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ, եթե պարզվում է, որ բարձրաստիճան բազմաթիվ իշխանավորների ընտանիքների անդամներ, ազգականներ հսկայական բիզնեսներ ունեն, և արդյո՞ք այդ հարցը քննարկել են կառավարության անդամների հետ, Քարեն Հիլիարդը պատասխանեց․ - «Կոնկրետ այդ հարցը ես չեմ քննարկել որևէ մեկի հետ: Կասեմ, որ Հայաստանը առաջընթացի կարիք ունի օրենսդրական և կարգավորող այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որը կտարանջատի քաղաքականությունն ու բիզնեսը, և կոնկրետ քայլեր պետք է արվեն: Քայլերից առաջինը կարող է լինել պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման գործընթացի հստակեցումը և պատիժների սահմանելը նրանց նկատմամբ, ովքեր չեն բացահայտի իրենց ունեցվածքը»:
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով չորս տարվա ընթացքում հանրությանն անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազարի դոլարի նվիրատվություն, երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագրեր:
«Եթե կառավարությունը չստեղծի հակակռուպցիոն հանձնաժողով, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը: Եթե այլընտրանքը ոչինչ չանելն է, դա ոչ մի տեղ չի տանի Հայաստանին: Ուստի այն, ինչ ես պատրաստվում են անել, հետևյալն է․ ռիսկի դիմել՝ ներդրում անելով հակակոռուպցիոն այս հանձնաժողովում և պատասխանատվություն ստանձնելով, որ արդյունք կլինի ԱՄՆ հարկատուների միջոցների դիմաց: Եթե արդյունքներ լինեն, կշարունակեմ ներդրում անել», - եզրափակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը: