Մատչելիության հղումներ

Գեղանիստցիները բողոքում են, որ ՀԷՑ-ը չի փոխհատուցում խափանված տեխնիկայի ծախսը


Գեղանիստի բնակիչ Համլետ Կարապետյանին պատկանող կենցաղային սարքերը ևս խափանվել են հոսանքի տատանումների պատճառով
Գեղանիստի բնակիչ Համլետ Կարապետյանին պատկանող կենցաղային սարքերը ևս խափանվել են հոսանքի տատանումների պատճառով

Շաբաթներ առաջ հոսանքի ուժեղ տատանման հետևանքով շարքից դուրս էին եկել տասնյակ ընտանիքների պատկանող բազմաթիվ կենցաղային սարքեր:

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 30 ընտանիքների գերակշիռ մասը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից փոխհատուցում դեռ չի ստացել:

Երեք շաբաթ առաջ հոսանքի ուժեղ տատանման հետևանքով շարքից դուրս էին եկել այդ ընտանիքներին պատկանող կենցաղային բազմաթիվ սարքեր՝ հեռուստացույցներ, սառնարաններ, համակարգիչներ, ջեռուցման համակարգեր։

ՀԷՑ-ի Մասիսի մասնաճյուղում բողոք-դիմումներ ներկայացրած գյուղացիներին խոստացել էին տեխնիկան նորոգել կամ փոխհատուցում տրամադրել մեկ շաբաթվա ընթացքում, մինչդեռ, մասնագետները ներկայացել են երեք շաբաթ անց միայն։ Գյուղացիներից Համլետ Կարապետյանը պատմում է, որ մի քանի տներում նորոգման աշխատանքներ կատարելուց հետո նրանք հեռացել են։

«Վեց բնակարաններ սարքեցին, էդ վեցերորդ բնակարանը սարքելու ընթացքում զանգահարեցին իրանց դիրեկցիայից, ասեցին, որ դադարեցնեն, քանի որ փող չեն փոխանցել: Բիբին ա, ինչ ա, ասեց՝ փող չի փոխանցել, չի ստորագրել։ Բանվորներն էլ չցանկացան մեզ սպասարկել։ Ասեցին՝ մենք գնում ենք, մենք ենթակա մարդիկ ենք»։

ՀԷՑ-ի Արաքսի մասնաճյուղի Մասիսի էլցանցի գլխավոր ինժեներ Արտակ Շահբազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե նման բան չի եղել: Ըստ նրա, պարզապես մասնագետներն այդ օրն ավարտել են աշխատանքը, որը կշարունակեն երկուշաբթի։ Տուժած գյուղացիներն այս խոստմանը չեն հավատում, ասում են՝ մի քանի անգամ խաբվել են ու ամեն անգամ նոր պատճառաբանություններ լսել։

«Ամենակարևորն այն է, որ գոնե սկզբնական շրջանում տատանումները դադարեցնեն, վերանորոգեն, որ մյուս անգամ չկրկնվի։ Մենք շատ թույլ խավ ենք, գյուղացիներիս ոչ ոք չի լսում»,- ասում են նրանք։

Ըստ գեղանիստցիների, էլեկտրակայանը մի քանի գյուղ է սպասարկում, ծանրաբեռնվածությունը մեծ է, մինչդեռ ՀԷՑ-ի աշխատակիցները հերքում են դա, նաև համաձայն չեն պնդմանը, թե ցանցը պարբերական խափանումներով է գործում։

«Գյուղացիներից ամեն մեկը մի բան ասում ա, բայց էդպես չի։ Ենթակայանը մենակ էդ գյուղի համար ա, մենակ էդ մեկ-երկու փողոցի համար ա»,- հակադարձում է Մասիսի էլցանցի գլխավոր ինժեներ Արտակ Շահբազյանը։

Գեղանիստի բնակիչները առաջիկայում պատրաստվում են այս հարցով դիմել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG