Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների հայերը փորձում են զարգացնել հայ-ամերիկյան տնտեսական գործընկերությունը


Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ցանկանում է հայ-ամերիկյան հարաբերությունները լրացնել տնտեսական և ներդրումային առավել լայն գործընկերությամբ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նրա խոսքով, հանդիպելով ԱՄՆ-ի մի շարք պետական պաշտոնյաների՝ կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հարցը:

«Այդ ամենը մեր լայն օրակարգի մասն է, քանի որ ցանկանում ենք արմատական անցում կատարել օգնության տրամադրման վրա հիմնված հարաբերություններից դեպի առևտրատնտեսական և ներդրումային գործընկերություն», - ընդգծեց Համբարյանը:

Տնտեսական և ներդրումային գործընկերության հարցերն են քննարկվել, մասնավորապես, այս շաբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, Օբամայի վարչակազմի օրոք հայ համայնքի հետ առանձին հանդիպում անցկացրած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան է:

«Ընդհանուր առմամբ, մենք քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առավել սերտ գործընկերության զարգացման հեռանկարները», - պատմեց Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքը ճանապարհ հարթեցին տնտեսական գործընկերության զարգացման համար: Հոկտեմբերին Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակություն, որը նախատեսում է ուսումնասիրել երկրում վերարտադրվող էներգիայի զարգացման հնարավորությունները, ինչը կթուլացնի Հայաստանի կախվածությունը դրսի էներգակիրներից:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Անշուշտ, զարգանալու տեղ դեռ շատ կա, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG