Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստն ազատազրկման դատապարտվեց


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստն ազատազրկման դատապարտվեց
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Նարեկ Հակոբյան այսօր դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման՝ անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի հետույքին ոտքով հարվածելու համար։

«Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէր, քանի որ ես կանգնել եմ էդ ոստիկանի աջ կողմը, մի քանի մետր հեռու, և էդ հեռուն էլ նույնիսկ կարևոր չէ, քանի որ նրա ձախ կողմին է վնասվածք եղել։ Ես ինչքան էլ ուզեի, որ ոտքով էլ ուզեի, չէի կարողանա ձախ կողմից աջ կողմից վնասվածք հասցնել»,- ասաց Հակոբյանը։

Նարեկն առայժմ կմնա ազատության մեջ. մինչ դատավճիռը օրինական ուժի կմտնի, ակտիվիստը պատրաստվում է բողոքարկել որոշումը.- «Մեղադրանքը հիմնված է եղել ամբողջովին կեղծ տեղեկությունների վրա հենց սկզբից»։

Մեղադրանքի հիմքում բացառապես երեք ոստիկանների ցուցմունքներն են, իսկ ականատես ցուցարարների վկայությունները, թե Նարեկը ոստիկանին չի էլ դիպել, դատարանն արժանահավատ չի համարել, պնդելով, թե ակտիվիստները շահագրգռվածություն ունեն պաշտպանելու Նարեկին։

Ըստ մեղադրանքի, Նարեկը ոստիկաններին հարվածել է ցուցարարներից մեկին՝ Հարություն Աղլամազյանին բերման ենթարկելու ընթացքում։

«Մենք իրար հետ կանգնած ենք եղել, ինձ բերման են ենթարկել, և իբր թե Նարեկը այդ պահին ոստիկանի է խփել։ Բայց նման բան չի եղել»,- ասում է Աղլամազյանը։

Կես տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Հակոբյանի պնդմամբ, այսօրվա վճռով դատարանը ոչ միայն իրեն, այլ նաև մյուս ակտիվիստներին է փորձում վախեցնել։

«Ես շատ հստակ եմ տեսնում էդ ուղերձը, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման ամենաակտիվ փուլում ենք, երբ ինչ-որ մեկին քրեական հոդվածով ազատազրկում են ցույցի մասնակցելու, ինչ-որ գործողություններ անելու համար, պարզ է, որ բարեկամները և այդ մարդիկ ինչ-որ ճնշվածություն կզգան իրենց վրա»,- ասում է երիտասարդը։

Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի շենքի դիմաց անցած տարվա ցույցերի ակտիվ մասնակիցներից էր նաև Արգիշտի Կիվիրյանը։ Բողոքի ակցիաներից հետո բազմիցս ոստիկանությունում, ապա նաև դատական քաշքշուկների մեջ հայտնված իրավապաշտպանը նույնպես վստահ է՝ այսօրվա վճիռը հաշվեհարդար էր։

«Այդ կերպ դատապարտելով այդ տղային՝ մեսիջ են ուղարկում մնացած ակտիվ քաղաքացիներին, որ եթե դուք մշտապես շարունակեք պայքարը, ապա նման բան կարող է տեղի ունենալ նաև ձեզ հետ։ Դա ոստիկանական պետության ձեռագիրն է, և, իհարկե, կապված է վերջին շրջանում քաղաքացիների ակտիվության հետ»,- ասաց Կիվիրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG