Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարները պահանջում են «ցեղասպանություն» որակել Ռուսաստանի գործողությունները


Թուրքիա - Ղրիմի թաթարների համաշխարհային խորհրդաժողովը Անկարայում, 2-ը օգոստոսի, 2015թ․
Թուրքիա - Ղրիմի թաթարների համաշխարհային խորհրդաժողովը Անկարայում, 2-ը օգոստոսի, 2015թ․

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցած օրերին մեկնարկած Ղրիմի թաթարների համաշխարհային խորհրդաժողովը կիրակի երեկոյան ամփոփվեց միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ուղղված ուղերձով: Կոնգրեսը պահանջում է 1783 թվականին «իրենց պատմական հայրենիքում» Ղրիմի թաթարների ոչնչացման և արտաքսման Ռուսաստանի գործողությունները ճանաչել ցեղասպանություն:

Ղրիմի թաթարների կոնգրեսը դիմում է այն երկրներին, որոնք հարգում են միջազգայնորեն հաստատված իրավունքները:

Ուղերձում նշված է, որ Ղրիմը բռնազավթելով՝ 1783 թվականին Ռուսաստանը հեռացրել է Ղրիմի խանությունը «Ղրիմի թաթարների պատմական հայրենիքից»:

Մինչև այժմ, ըստ Ղրիմի թաթարների կոնգրեսի ուղերձի, Ռուսաստանի կառավարությունը շարունակում է «համակարգված ճնշումները, որպեսի Ղրիմի թաթարները լքեն Ղրիմի թերակղզին, իսկ այն զբաղեցնի ռուս բնակչությունը»:

«19-20-րդ դարերի ընթացքում ավելի քան 1․5 միլիոն թաթարներ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Խորհրդային տարիներին ոչնչացրել են ոչ միայն ինտելեկտուալ հատվածին և մշակութային գործիչներին, այլև իրենց երկրից արտաքսել են Ղրիմի թաթարներին՝ 1944 թվականի մայիսի 18-ին», - հայտարարում է կոնգրեսը և ավելացնում, որ արտաքսման ճանապարհին բնակչության կեսը զոհվել է:

Կոնգրեսը նաև գնահատում է ներկան՝ հայտարարելով. - «Այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը, ժառանգելով ցարական Ռուսաստանի կարգերը, 2014 թվականի փետրվարի 28-ին, անտեսելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բոլոր նորմերը, բռնակցեց Ղրիմի թերակղզին: Այդ օրվանից մինչ օրս Ռուսաստանն իրականացնում է համակարգված քաղաքականություն՝ անտեսելով Ղրիմի թաթարների հիմնարար ազատությունները, հարկադրաբար գաղթի է դրդում Ղրիմից, արագ ասիմիլյացիայի ենթարկում, ճնշումներ գործադրում, սպանություններ կատարում, նստեցնում բանտ, արտաքսում նրանց, ովքեր փորձում են դիմակայել», - ասված է Ղրիմի թաթարների կոնգրեսի ուղերձում:

Անցած երկու օրերին խորհրդաժողովը Ղրիմում տեղի չի ունեցել, քանի որ ռուսական հատուկ ծառայությունները հետապնդումներ են իրականացնում առավել ակտիվ թաթարների նկատմամբ, բացի այդ՝ արգելված է կոնգրեսի ղեկավար Մուսթաֆա Ջեմիլևի մուտքը Ղրիմ:

Խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ թաթարներին դիվանագիտական աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի քայլը:

Նրա խոսքով՝ Ղրիմի թաթարները բազմիցս ենթարկվել են արտաքսումների և հետապնդումների, և նրանց անվտանգության ապահովումը Թուրքիայի գլխավոր խնդիրներից է:

«Ապագայում էլ կարող եք վստահ լինել մեր աջակցության մեջ», - հայտարարել է Էրդողանը:

«Դժվարին պահերին Թուրքիան միշտ աջակցել է Ուկրաինային, պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իհարկե՝ այդ թվում նաև Ղրիմը», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, արձագանքելով Ղրիմի թաթարների կոնգրեսում ընդունված հայտարարությանը, շտապել է ասել, որ պաշտոնական Կիևը պատրաստ է Ղրիմի թաթարներին ինքնավարություն տրամադրել:

XS
SM
MD
LG