«Բոլորն արտագաղթում են Հայաստանից, իսկ մենք որոշեցինք վերադառնալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ժաննան, ով Արտաշատում արդեն բիզնես լեդիի համբավ է ձեռք բերել: Եվրամիության People in Need ծրագրի աջակցությամբ նա գեղեկության սրահ է բացել, հաճախորդները դեռ շատ չեն, բայց Ռուսաստան վերադառնալու ցանկություն նա այլևս չունի:
Ծրագրի շրջանակում գործարար կնոջը հատկացված աջակցությունը մոտ 2 միլիոն դրամ է կազմում: «Հաջողություն, որը քչերին է ժպտում»,- ասում է Ժաննան, հավելելով, որ քաղաքում գործ գտնելը դժվար է: Իսկ սպասել, թե մի օր Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնից կզանգահարեն ու աշխատանքի առաջարկ կանեն, «լրիվ անհավանականության տեսությունից է»:
Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, այդուհանդերձ, պնդում է, թե պետության աջակցությամբ էլ բիզնես ծրագրեր են իրականացվում:
Պարզվում է, սակայն, պետության 1 միլիոն դրամի չափով աջակցությունից այս տարի ընդամենը մեկ հոգի է օգտվել: Փոքր քաղաքում, որտեղ բոլորը գրեթե ծանոթ-բարեկամներ են, ինչպե՞ս է ընտրվել այդ միակ գործարարը. այս հարցին Ավետիսյանը պատասխանեց՝ «արդար ընտրության միջոցով»: «Հանձնաժողովը նայում է ներկայացված ծրագրերը, եթե նորմալ ծրագիր է, հեռանկարային է, հավանության է արժանանում»,- հավելեց Ավետիսյանը:
Արտաշատցի այդ հաջողակը գործարարը, պարզվեց, երիտասարդ աղջիկ է՝ Սիլվա Հակոբյանը: Շահելով պետության 1 միլիոն դրամի աջակցության ծրագիրը, նա տպագրության ծառայությունների արտադրամաս է բացել: Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչով է իր բիզնես առաջարկը գերազանցել մյուսներինը, պարզվեց՝ ոչ մի առաջարկ էլ չի արել. - «Ես գրանցված եմ զբաղվածության կենտրոնում որպես գործազուրկ, այնտեղից առաջարկեցին, ես էլ ընդունեցի»:
«Պատվերներ չկան, մարդիկ փող չունեն, արտագաղթում են»,- ասում են Արտաշատ քաղաքում աշխատող բիզնես լեդիներ Սիլվան ու Ժաննան, այդուհանդերձ հույս հայտնելով, որ Եվրամիության, նաև պետության աջակցությամբ ձեռք բերված բիզնեսների շնորհիվ գոնե հնարավորություն կունենան ետ բերել կատարած ներդրումները: