Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը դաշինքներ է ստեղծում


«Իսլամական պետության» զինյալներ, արխիվ
«Իսլամական պետության» զինյալներ, արխիվ

Նոր տարածքներ զավթելու համար պայքարելուն զուգընթաց՝ «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է դաշինքներ ձևավորել նմանատիպ այլ խմբերի հետ կամ ձգտում է ոչնչացնել դրանք:

«Իսլամական պետության» ամենահայտնի մրցակիցներից է Աֆղանստանի «Թալիբան»-ը, որն այդ խմբավորումից հրապարակայնորեն պահանջել է դուրս բերել իր ստորաբաժանումները Աֆղանստանից:

Ըստ եգիպտական «Ալ-Ահրամ» հիմնադրամի քաղաքագետ Հալա Մուսթաֆայի՝ այս երկու խմբերը բնական հակառակորդներ են:

«Թալիբան»-ը Աֆղանստանի վրա կենտրոնացած խմբավորում է։ Ի տարբերություն դրա, «Իսլամական պետություն»-ը վերազգային խմբավորում է՝ պանիսլամիստական գաղափարախոսությամբ: Այն ավելի ծայրահեղական է համարվում, քանի որ ահաբեկման նպատակով կիրառում է բռնության հայտնի գրեթե բոլոր ձևերն ու ռազմավարությունները։

«Թալիբան»-ի շատ անդամներ միացել են «Իսլամական պետությանը», և, ըստ Մուսթաֆայի, նման արտահոսքը դարձավ պատճառ, որ «Թալիբան»-ը սկսեր բանակցություններ Աֆղանստանի կառավարության հետ։

ԱՄՆ-ում գործող «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամ Մաքս Աբրահամսը կարծում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման մրցակիցները, այդ թվում՝ «Ալ-Ղաիդա»-ի մասնաճյուղ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն, իրենց հերթին ազդում են պանիսլամիստական այդ կազմակերպության ռազմավարության վրա:

Ըստ Աբրահամսի՝ «Իսլամական պետություն»-ը առանձնապես չի համագործակցում այլ խմբերի հետ, այլ փորձում է կլանել դրանք: Մինչդեռ «Ալ-Նուսրայի ճակատ»-ը ինքնավստահ փորձում է ստանձնել առաջնորդի դերը Սիրիայի ապստամբ խմբերի շրջանում: Վերլուծաբանները նշում են, որ իբրև արդյունք՝ «Ալ-Նուսրա»-ն դանդաղորեն ընդլայնում է իր ազդեցությունն ու իշխանությունը Սիրիայում: «Իսլամական պետություն» խմբավորումը, մինչդեռ, կենտրոնանում է միջազգային, սակայն ոչ տարածաշրջանային դաշինքներ ստեղծելու վրա, ինչպիսին է, օրինակ «Բոկո Հարամ»-ի հետ դաշինքը:

«Բոկո Հարամ»-ը, ինչպես և «Իսլամական պետություն»-ը, միշտ գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ սահմանափակումներ բռնության կիրառման հանդեպ չունի, սակայն դրանց միմյանց հետ առնչվելը առիթ է տալիս մեկի ահաբեկչական արարքը լուսաբանելիս նաև հիշատակել մյուս խմբավորումը, ինչը հավելյալ «գովազդ» է երկու կողմերի համար:

Մյուս դաշինքները, ինչպիսին են Եգիպտոսի ու Լիբիայի գրոհայինների հետ կապերը, ավելի ուղղակի նշանակություն ունեն․ դրանք ծառայում են այս խմբավորումների համար իբրև համատեղ զորավարժությունների և զենքի առևտրի ու մատակարարման աղբյուրներ:

Սակայն «Իսլամական պետություն»-ը չի կարող հավերժ դիմակայել Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքին։ Այդ պատճառով ահաբեկչական խմբավորումը փորձում է մասնաճյուղեր կամ ճյուղավորումներ հիմնել այլ երկրներում՝ պայքարը տեղափոխելով այդ երկրներ: Այդ առումով լայնորեն կիրառվում են «քնած» բջիջները․ դրանք խմբավորման օղակներ են, որոնք մինչև անհրաժեշտ պահը գաղտնի են մնում՝ կուտակելով զենք ու զինամթերք և վարելով հետախուզական գործունեություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG