Մատչելիության հղումներ

Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարացնելու որոշումը


Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե, արխիվ
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Մոսկվան սպառնում է պատասխան պատժամիջոցներով:

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ անցյալ տարվա հունիսին Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարացման որոշմանը: Այդ մասին երեկ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա հատուկ ընդգծել է, որ Թբիլիսին միացել է ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանելու, այլ՝ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների ժամկետը երկարացնելու որոշմանը:

Անցյալ տարվա հունիսին Եվրամիության խորհուրդը Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանեց 12 տարբեր պատժամիջոցներ: Անցյալ տարվա հունիսի 23-ին Վրաստանը միացավ, մասնավորապես, Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների ներկրումն արգելելու որոշմանը:

Այս տարվա հուլիսի 19-ին Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Աբաշիձեի մեկնաբանությամբ՝ Վրաստանն ավտոմատ կերպով է հաստատել Եվրամիության վերջին որոշումը:

Երկու օր առաջ, բացի Վրաստանից, Եվրամիության որոշմանը միացել են նաև Ուկրաինան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ սպառնացել է, որ Մոսկվան հանդես կգա պատասխան պատժամիջոցներով այն երկրների դեպքում, որոնք Եվրամիության անդամ չեն, սակայն հաստատել են Եվրամիության որոշումը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մեկ տարով երկարաձգվել էր Եվրամիությունից ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ որոշումը:

Ռուսաստանում այս քայլը համարում են անհրաժեշտություն, մինչդեռ երկրի Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ առաջին կիսամյակում ապրանքների ներկրումը նվազել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մասնագետները պնդում են, որ Ռուսաստանի տնտեսական ցածր ցուցանիշներն էական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում տնտեսական ցուցանիշները, ըստ մասնագետների, անկում են ապրել: Հայաստանից ապրանքներ արտահանել Ռուսաստան տնտեսապես ձեռնտու չէ, որովհետև ռուսական ռուբլին ավելի քան 50 տոկոսով արժեզրկվել է հայկական դրամի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG