Մատչելիության հղումներ

Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը շարունակում է անորոշ մնալ


Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը շարունակում է անորոշ մնալ
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելուն հինգ ամիս է մնացել։ 2010 թվականից օրենքի ընդունմամբ սկսված գործընթացը արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն այսօր էլ անորոշ է՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ մինչև վերջնաժամկետի ավարտը՝ 2016 թվականի հունվարի 1-ը անցնել թվային հեռարձակման։

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասում է՝ առայժմ անհրաժեշտ տեխնիկական, սոցիալական, օրենսդրական բաղադրիչներից միայն մեկն է իրագործվել՝ տեխնիկական մասը՝ թվային ազդանշանն արդեն հասանելի է Հայաստանի տարածքում, սակայն բնակչության մեծ մասը չունի նորագույն հեռուստացույցներ կամ անհրաժեշտ փոխարկիչ սարքեր՝ դեկոդերներ այդ ազդանշանը ստանալու համար։

Կառավարությունը խոստացել էր սոցիալապես անապահով ավելի քան 130 հազար ընտանիքներին անվճար տրամադրել այդ սարքերը, սակայն առայժմ անհայտ է՝ ով և ինպես է գործընթացը կազմակերպելու։

«Հայաստանը պատրաստ էր հուլիսի 1-ից ամբողջությամբ անցնելու թվային եթերային հեռարձակման, բայց դա հետաձգվեց, որովհետև եթե անցում կատարվեր թվային եթերային հեռարձակման, ապա բնակչության 80 տոկոսից ավելին կզրկվեր հեռուստացույցից»,- նշեց Մեսրոպ Հարությունյանը։

Տիկին Թերեզան թոշակառու է, ասում է՝ չգիտեր, որ հունվարից հեռուստացույցի անալոգային ազդանշանը կարող է անջատվել. հեռուստացույցի պատկերի որակից դժգոհ է, սակայն նրա համար ճոխություն է պատկերը բարելավելու համար թոշակի մոտ մեկ քառորդը տրամադրելը։ 37 հազար դրամ կազմող թոշակի մեծ մասը դեղերի և կոմունալ վճարների վրա է ծախսում, անգամ նվազագույն ապրուստի համար գումարը չի բավարարում, ուր մնաց թե փոխարկիչ սարք գնի։ Ընդ որում, տիկին Թերեզայի ընտանիքը անապահովների շարքում չէ։ Կառավարությունը սարքը անվճար չի տրամադրի։

«Էդ հնարավոր չէ առնել, ճոխություն է, բա ինչ է։ Եթե ամիսը 37 հազար ստանաս, կարա՞ս յոլա գնաս», - հարցնում է նա։

Առևտրի կենտրոններից մեկում էլեկտրոնիկայի առևտուր անող մեր զրուցակիցը ասաց՝ առևտուրն առանձնապես աշխույժ չէ, չնայած անալոգային ազդանշանն անջատելու մի քանի վերջնաժամկետներին՝ մարդիկ չեն շտապում փոխարկիչ սարքեր գնել.- «Ո՞վ ա տենց բան անում, քաղաքում մարդ ա մնացե՞լ, որ բան ծախվի»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լուծված չէ նաև օրենսդրական կարգավորման հարցը։ 2010 թվականին ընդունված օրենքը, ըստ փորձագետի, չի լուծում շատ հարցեր, օրինակ՝ մասնավոր ընկերությունների մուտքը թվային հեռարձակման ոլորտ, սահմանափակում է նաև գործող հեռուստաընկերությունների հեռարձակումը։

«Թվային հեռարձակումը գրեթե անսպառ հնարավորություններ է տալիս ավելացնելու համար, Հայաստանում հակառակ պրոցեսն է գնում»,- նշեց Մելիքյանը։

Ամենաշատը կտուժեն մարզային հեռուստաընկերությունները, քանի որ օրենքի համաձայն՝ յուրաքանչուր մարզում միայն մեկ հեռուստաընկերություն կստանա լիցենզիա։ Փակվելու վտանգի առջև է կանգնած «Հրազդան» հեռուստաընկերությունը. թեև անալոգային հեռարձակումը ևս կես տարով պահպանելու որոշումը մինչև հունվարի 1-ը նրանց եթերում կթողնի, ճակատագիրն, այնուամենայնիվ, անորոշ է։

Ընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը համարում է՝ արդար չէ, 25 տարի գործող հեռուստաընկերությունը վատ օրենքի պատճառով կզրկվի եթերից։

«Հուսահատության մթնոլորտ է ստեղծել, ինչ-որ մեկի մտքով անցնում է՝ ինչո՞ւ պիտի բոլոր հեռուստատեսություն ունենան։ Էդ ինչո՞ւ բոլորին կազինո թույլատրվում է ունենալ, բայց հեռուստատեսություն, որը պիտի զարկ տան, ամեն ինչով նպաստեն, որ հեռուստատեսություն, բազմակարծություն ստեղծվի, խոսքի ազատություն՝ հանկարծ դա պիտի արգելափակվի»,- ասաց Հարությունյանը։

Ինչ կլինի հունվարի 1-ին, դեռ հայտնի չէ, կանջատվի արդյոք անալոգային ազդանշանը, թե հերթական անգամ կհետաձգվի վերջնաժամկետը, դժվար է ասել։

«Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի բնակչությունը չզրկվի հեռուստացույց նայելու հնարավորությունից, որովհետև իրենց սպասում է սահմանադրական հանրաքվե, հանրաքվեից մեկ տարի հետո՝ ընտրություններ»,- ասաց մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

XS
SM
MD
LG