Մատչելիության հղումներ

Վերնիսաժում բացվել է սիրիահայերի շուկան


Վերնիսաժում բացվել է սիրիահայերի շուկան
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Սիրիահայերը Երևանում արդեն իրենց շուկան ունեն։ Վերնիսաժում մի փոքր անկյուն է հատկացվել սիրիական պատերազմից տուն-տեղ, գույք կորցրած հայերին։ Այստեղ առևտուր են անում ինչպես սկսնակները, այնպես էլ դեռ Հալեպում առևտրով զբաղված մարդիկ։

Արդեն չորրորդ օրը գործող շուկայի կազմակերպիչները շարունակում են զանգեր ստանալ սիրիահայերից՝ տաղավարներ վարձելու համար։ Գնորդին արևմտահայերենով ներկայացվող տեսականին լայն է ու բազմազան՝ արծաթեղեն, պարսկական գորգեր, հագուստ, Հալեպի բուրավետ օճառներ։

«Սրանք իրանյան գորգեր են, սա մետաքս է...»,- ապրանքներն է ներկայացնում սիրիահայերից մեկը՝ ներկայացնելով գորգերի գինը.- «Սա արժի 150 դոլար, ես փնտրել եմ Երևանում, նույնը տեսել Հյուսիսայինի կողմը, վերջնական ասում էր 700 դոլար, մեր Սուրիա աժան է»։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստան եկած հալեպահայ Նազարեթ Արոյանն արդեն իր գործն է բացել այստեղ։ Հպարտությամբ արծաթեղենն է ցույց տալիս.- «Հայ վարպետներու գործ է։ Եվրոպացի տուրիստները գուքային, կվերցնեին։ Սա հարյուր տարվա գոտի է»։

Նազարեթը Հալեպում ուներ արծաթեղենի ու պարսկական գորգերի խանութների ցանց։ Ընտանիքի անդամների հետ կարողացել են պատերազմական գոտուց դուրս բերել նաև թանկարժեք այս իրերը:

«Երեկ չեմ վաճառել, բայց այսօր, Աստծուն փառք, սա եմ վաճառել։ Ես խանութ ունեի մայր եկեղեցիի՝ Քառասուն Մանկանց եկեղեցիին մոտ։ Թե՛ եկեղեցին փլվեցավ, թե՛ իմ խանութը, ինչ որ կարողացանք վերցնել, վերցրեցինք»։

Հայաստան գալը շատ դժվար է եղել Նազարեթի համար.- «Հալեպեն օդանավ չկար, ավտոյով ես և իմ ծնողքը եկանք, հաստատվեցանք Երևան»։

Սիրիական պատերազմից հայրենիք փախած սիրիահայ առևտրականի ընտանիքը դժվար օրեր է անցկացրել պատերազմող Հալեպում։

«Շատ վատ էր վիճակը, կվախնայինք փողոց ելնել, չես գիտեր որ մեկ ատեն կռմբակոծեն։ Իմ գալուց առաջ ջուր չունեինք՝ ոչ խմելու, ոչ լոգանքի, այլևս որոշում ըրինք, որ վերջնական գանք մեր մայր հայրենիք»։

Ծովինար Հալաջյանն ասում է՝ 15 տարվա առևտրական է։ Հալեպում փակել է տան դռները, խանութը պահ տվել ծանոթին ու դեռ պատերազմից առաջ ձեռք բերված ապրանքով հասել Երևան։

«Ուզեցի հոս գալ, փորձ մը ընել, եթե հաջողություն գտնենք, կփափագինք հոս մնալ»,- ասում է նա։

Հալեպում Հուրի Բերբերյանը դաստիարակ էր, հայրենիքում ձեռագործությամբ է զբաղվում։ Դեռ շատ չի վաստակում, բայց հույս ունի, որ Վերնիսաժում կգտնի իր գնորդներին.- «Մի քիչ լեզվի դժվարություն ունինք, հոս պետք է ռուսերեն իմանաս, անմիջապես աս գործին դիմեցի, ես որոշ չափով կսիրեմ ձեռքի աշխատանքը»։

Այս շուկան բացելու նախաձեռնությունը Սիրիահայ գործարարների միությանն է։ Նախագահ Միքայել Կարապետը ևս տաղավար ունի այստեղ։ Երկու տարի առաջ հայրենիքում հաստատված գործարարը նաև ոսկերչությամբ է զբաղվում՝ վաճառում է իր պատրաստած ոչ թանկարժեք զարդերը։

Կարապետը փոխանցեց, որ նպատակ ունեն ընդլայնել շուկան՝ փորձելով հայրենակիցներին պահել Հայաստանում:

«Ասեցինք՝ մենք մեր ուժերով փորձենք, գոյատևելու համար սա մեր սիրիահայերի համար մի ճանապարհ է։ Բավականին մեծ շուկա ենք նախատեսում, մարդիկ նոր իմանում են մեր շուկայի մասին, օրական 4-5 հոգի զանգում է, որ ուզում են միանալ»,- ասում է Միքայել Կարապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG