Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ:
ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակեցմանը միտված մի շարք առաջարկություններ:
Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի և սահմանված ժամանակացույցի շրջանակում անցկացնելու ուղղությամբ: