«Էլեկտրիկ Երևանի», «Էլեկտրիկ Թբիլիսիի» ֆոնին ուշագրավ են «Էլեկտրիկ Քիշնևում» վրանային քաղաքի պահանջներն ու գազի, էլեկտրաէներգիայի թանկացումը չեղարկելու պայքարը:
Մոլդովայի քաղաքացիները պահանջում են չեղարկել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 37 տոկոսով թանկացնելու որոշումը:
Տասնյակ քաղաքացիներ Քիշնևում՝ Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, հայտնի գործարար Վլադ Պլախոտնյուկի տան դիմաց տեղադրել են վրաններ: Բացի խորհրդարանում իր ազդեցության աստիճանից, Պլախոտնյուկը հայտնի է նաև Մոլդովայում բոլոր ասպարեզների ղեկավարող մարմինների վրա ունեցած իր ազդեցությամբ։
Դատելով նրա տան դիմաց տեղադրված՝ վրանային քաղաքի անհրաժեշտ պարագաների առկայությունից, ցուցարարները հաստատակամ են օրեր շարունակ հանդես գալ պահանջներով:Ոստիկանությունը չի միջամտում: Քաղաքացիներն ազատ են երաժշտությունը բարձր միացնելու, իրենց ժամանցը կազմակերպելու հարցերում։
Պայքարը շարունակելու հարցում առավել հաստատակամ քաղաքացիները մյուսներին կոչ են անում միանալ, պահանջել չեղյալ համարել էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Մոլդովայի էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության որոշումները:
Աշխատանքային ժամերին առանձնակի ակտիվություն չկա: «Հիմա, տեսնում եք, շատ մարդ չկա, բայց երեկոյան այստեղ բավականաչափ մարդիկ կլինեն, մարդիկ գալիս են ընտանիքներով, երեխաների հետ, բացարձակապես ոչ մի ագրեսիա չկա, ես ընդգծում եմ՝ ոչ ոք այստեղ չի փորձում զուգահեռներ տանել Մայդանի հետ, կամ ինչ-որ անկարգությունների հետ. սա բացարձակապես խաղաղ գործընթաց է, ավելի շատ սոցիալական է, քան քաղաքական»:
Արդեն հայտնի է, որ թանկացման հայտ է պատրաստում նաև ջրամատակարար ընկերությունը։ Քիշնևի քաղաքապետը հայտարարել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է ստուգումներ իրականացնել թանկացման հայտ ներկայացնող կազմակերպություններում: Մոլդովացիները համոզված պնդում են, որ սակագների բարձրացման պատճառը երկում բարգավաճող կոռուպցիան է, կոռումպացված իշխանությունները: