ԱՄՆ-ի Կոնգրեսն ունի 60 օր՝ հաստատելու կամ մերժելու Իրանի հետ միջուկային հարցերով կնքված գործարքը։ Կոնգրեսում հանրապետականները հիմնականում դեմ են այս գործարքին։
«Մենք նրանց տվել ենք ռումբ ու հրթիռ պատրաստելու հնարավորություն։ Տվել ենք նաև դրա համար ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն», - ասել է սենատոր Լինդսի Գրեհեմը։
Իսկ հանրապետական մեկ այլ սենատոր՝ Բոբ Քորքերը, իր հերթին, հայտարարել է. - «Կարծում եմ՝ դուք գործարքը կնքելիս խաբվել եք»։
Պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե Վիեննայում կնքված գործարքը միջուկային զենք արտադրելու հնարավորությունից Իրանին հետ պահելու միակ միջոցն էր։ Նրա խոսքով՝ Իրանն արդեն ուներ 10-12 ատոմային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութ։ «Նրանք արդեն 19 հազար ցենտրիֆուգ ունեին», - ասել է նա։
Դեմոկրատներից շատերը դեռևս չեն հայտնել իրենց դիրքորոշումը։ «Մենք չենք վստահում Իրանին, սակայն պարտավոր ենք զերծ մնալ զգացմունքներից։ Ու պիտի այժմ տեսնենք՝ այս գործարքի արդյունքում Իրանը շարունակելու է գնալ միջուկային զենք արտադրելո՞ւ, թե՞ դրանից հրաժարվելու ուղով», - ասել է սենատոր Բեն Քարդին։
Հեռուստատեսային որոշ ալիքներով շարունակվում են գործարքը մերժելու կոչերով գովազդները։ Իսկ հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է կնքված գործարքին։ Սակայն արդյոք գործարքի արդյունքում Թեհրանը կդառնա միջուկազերծ երկիր՝ շատերի համար դեռևս հարցական է մնում։