Մատչելիության հղումներ

Բաքվում տեղի ունեցավ Խադիջա Իսմայիլովայի գործով առաջին դատական նիստը


Բաքվում տեղի ունեցավ Խադիջա Իսմայլովայի գործով առաջին դատական նիստը
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Այսօր Բաքվի դատարանում մեկնարկել է մի շարք ծանր հանցանքների մեջ մեղադրվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը։

Ադրբեջանի մայրաքաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն, կարգադրիչներն ու ոստիկանները լրագրողներին, քաղաքական գործիչներին, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետներին արգելել են մուտք գործել դահլիճ։

Դատավարության նախապատրաստական նիստը վարել է դատավոր Ռամելա Ալահվերդիևան։ Դահլիճ մտնելու իրավունքից զրկված մարդիկ սկսել են վանկարկել ամբաստանյալի անունը։

Խադիջա Իսմայիլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլին դրսում հավաքված լրագրողներին հայտնել է, որ Ալահվերդիևայի որոշմամբ, նիստն անցել է դատարանի փոքր դահլիճում, թեպետ այդ շենքում կա նաև մեծ սրահ։

«Դատավորը բացատրել է, թե իբր մեծ դահլիճը պատրաստում են ինչ-որ ահաբեկչության գործով անցկացվելիք դատավարությանը և այդ պատճառով են փոքր դահլիճն ընտրել»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքերով, պաշտպանական կողմը ներկայացրել է 8 միջնորդություն, այդ թվում՝ ամբաստանյալին ազատ արձակելու, վկաների ցուցմունքները չեղյալ հայտարարելու, դահլիճ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մուտքն արտոնելու մասին։

Ինչպեսև ենթադրվում էր, Ռամելա Ալահվերդիևան մերժել է միջնորդությունները։

Խադիջա Իսմայիլովան ասել է, որ ներգրավված բոլոր դատավորները պատվեր են կատարում, որ իրեն բանտում ամեն կերպ փորձում են մեկուսացնել, որ մի կալանավոր կին բանտի ադմինիստրացիայի պատվերով սադրանքներ է անում։

Նա պահանջել է տեսագրել դատավարությունը: Պահանջը մերժվել է։

«Այդ ինչպե՞ս եղավ, որ իմ անձնական կյանքը կարող եք տեսագրել, իսկ դատավարությունը՝ ոչ», - հեգնանքով ասել է մեր գործընկերուհին։

Այսօրվա նիստից հետո Խադիջայի մայրը` Էլմիրա Իսմայիլովան ասել է, թե դուստրը կայտառ է, վստահ է, ծիծաղում է․ - «Ես նույնիսկ մտածեցի, թե հիմա կսկսի երգել։ Արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, բայց բոլորս, իհարկե, հասկանում ենք, թե ինչ վտանգներ կան»։

Դատական հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսի 7-ին։ Ադրբեջանի իշխանությունը մեր գործընկերուհուն մեղադրում է քաղաքացուն ինքնասպանության փորձի հասցնելու, հարկերից խուսափելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու և ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։

Քաղաքացին, ով իբր մտադիր էր ինքնասպանություն գործել, հրաժարվել է այդ ցուցմունքից, սակայն դատարանն անտեսել է այդ կարևոր հանգամանքը։

Խադիջայի աջակիցները, ինչպես նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող քաղաքական և հասարակական տասնյակ գործիչներ համոզված են, որ Իլհամ Ալիևի վարչակարգն Իսմայիլովային ներկայացրել է շինծու մեղադրանքներ ու ցանկանում է պատժել նրան իշխող գերդաստանի կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG