Չորս տարի առաջ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի գնդակից վիրավորված Գևորգ Եղիազարյանը շուտով կմեկնի Գերմանիա՝ բուժման կուրս անցնելու համար: Մայրը՝ Նաիրա Գալստյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն ստացել են վիզան և պատրաստվում են ընտանիքով օգոստոսի կեսերին Գևորգին տանել Գերմանիա:
2011-ից հակառակորդի գնդակից վիրավորված ու մինչև այսօր անկողնուն գամված Գևորգի բուժման երկրորդ կուրսի համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար: Այն բանից հետո, երբ լրատվամիջոցները անդրադարձան երիտասարդի անմխիթար վիճակին, 1.5 ամսվա ընթացքում քաղաքացիների հանգանակություններով հավաքվեց 37 հազար դոլար: Մայիսին էլ Կառավարությունը փոխանցեց բուժման համար պակասող 23 հազար դոլարը:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում մայրը նշել էր, որ որդու բուժման համար անհրաժեշտ գումարի համար տարբեր դռներ էր թակել՝ պետականից մինչև մասնավոր, սակայն՝ ապարդյուն: Պաշտպանության նախարարությունը բուժման առաջին կուրսի համար արդեն վճարել էր 70 հազար դոլար, որը, սակայն, չէր բավարարել բուժումն ավարտին հասցնելու համար: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ նախարարությունն այդքան գումար չունի, որպեսզի նորից օգնի զինվորին:
Տարիներ շարունակ տնից դուրս չի եկել Գևորգը: Մայրը հույս ունի, որ գերմանացի բժիշկների օգնությամբ որդին կազատվի կոկորդին ամրացված արհեստական ապարատից, որի օգնությամբ նա խոսում է ու սնվում:
«Հույս ունեմ, որ գոնե սայլակի օգնությամբ կտեղաշարժվի տղաս: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ միայնակ չթողեցին: Լրատվամիջոցներին եմ հատուկ շնորհակալություն հայտնում, որոնց օգնությամբ երբեմնի փակ դռները բացվեցին, ու տղաս շուտով կստանա անհրաժեշտ բուժումը», - ասաց Գևորգի մայրը: