Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Կոմիտեի փոխանցմամբ՝ Հովսեփյանը ներկայացրել է նորաստեղծ պետական մարմնի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները, անցած ինը ամիսների ձեռքբերումներն ու խնդիրները:
ՔԿ նախագահը կարևորել է նախաքննական մարմնի անկախությունը, կոնկրետ քրեական գործով վարույթի ընթացքում գործը քննող քննիչի փաստացի անկախության և ինքնուրույնության ապահովումը` անդրադառնալով մշակված օրենսդրական կառուցակարգերին:
Խոսելով կոմիտեի առաջնահերթ խնդիրների մասին՝ Աղվան Հովսեփյանը ընդգծել է նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Կողմերն անդրադարձել են քրեական գործերի թվայնացման, տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը։
Բարձր է գնահատվել Հայաստանի քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված համագործակցության փորձը` չնայած կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին:
Կողմերը, դրական գնահատելով ձևավորված համագործակցությունն ու արդյունքները, պայմանավորվել են շարունակել գործակցությունը` նախանշելով դրա նոր ուղղություններ։