Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում USDA-ի օժանդակությամբ վերջին տարիներին իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:
Զրույցի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ ընդլայնելու Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից:
Աշխատանքային այցի շրջանակում Սերգո Կարապետյանը հուլիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով գործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև հետագա համագործակցության հեռանկարները:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները», - ասել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը կարևոր և արդիական է համարել հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցին: