Մատչելիության հղումներ

Կուբայի դրոշը ԱՄՆ Պետդեպում համալրեց այլ երկրների դրոշների շարքը


Կուբայի դրոշը ծածանվում է Վաշինգտոնում բացված երկրի դեսպանատան դիմաց, 20-ը հուլիսի, 2015թ․
Կուբայի դրոշը ծածանվում է Վաշինգտոնում բացված երկրի դեսպանատան դիմաց, 20-ը հուլիսի, 2015թ․

Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարի, այդուհանդերձ, հարաբերությունների կարգավորումը երկարատև ու բարդ է լինելու:

Միացյալ Նահանգների ու Կուբայի մայրաքաղաքներում երկուշաբթի օրը պաշտոնապես բացվեցին այս երկրների դեսպանատները։

Ամերիկացի ու կուբացի դիվանագետները, Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացման արարողությանը ներկա քաղաքացիները բացականչություններով ողջունեցին Կուբայի պետական դրոշի ծածանումը նորաստեղծ դեսպանատան դիմաց։

Ներկաներից շատերը սա պատմական պահ են համարում, ասելով, որ դրանից կշահեն և՛ ԱՄՆ-ը, և՛ Կուբան։

Նրանցից Կարիբյան համերաշխության հանձնախմբից Ֆրեդ Միլսը ասաց, որ գլխավոր շահն ավելի լայն մտավոր միջավայրի ստեղծումն է, որտեղ մարդիկ շուտով կկարողանան ազատ ճամփորդել մի երկրից մյուսը։

Ոմանք էլ, ինչպես Հավանայից գաղթած Օռլանդո Լուիս Փարդոն, ողջունելով հարաբերությունների կարգավորումը՝ միաժամանակ քննադատում են Ռաուլ Կաստրոյի կառավարությանը: «Մենք արժանի ենք, որ մեր երկրում ազատ կերպով գործեն կազմակերպություններ, որ մեր երկրում թույլատրվեն ցույցեր ու երթեր։ Մենք արժանի ենք, որ մեզ մոտ՝ Կուբայում իրականացվեն ազատ ներդրումներ», - նշեց նա։

Ներկաների մեջ փոքր թիվ չէին կազմում նրանք, ովքեր անհանգստացած են՝ ասելով, որ այս ամենը գուցե ժամանակից առաջ է ընկել։

«ԱՄՆ-ի նախագահը չափից ավելի զիջումներ է կատարում Կուբայի կառավարությանը, մինչդեռ Կուբայի կառավարությունը շարունակում է ծեծի ենթարկել եկեղեցի այցելող կանանց», - ընդգծեց Ազատ Կուբայի կենտրոնից Ֆրենք Քելզոն։

Ավելի ուշ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո, Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը ասաց, որ իրենք չէին քաշվում իրար ներկայացնել միմյանց միջև առկա տարբերությունները և տարակարծությունները:

«Ես շեշտեցի, որ շրջափակման լիակատար վերացումը, զբաղեցրած Գուանտանամոյի տարածքի վերադարձը, ինչպես նաև Կուբայի ինքնիշխանության լիակատար ճանաչումը և մեր ժողովրդին մարդկային ու տնտեսական վնասների փոխհատուցումը խիստ կարևոր են», - հայտնեց Ռոդրիգեսը։

Ըստ Քերրիի, հարաբերությունների կարգավորումը երկարատև ու բարդ է լինելու: «Այս ճանապարհին մենք տարբեր առիթներով գուցե հանդիպենք խոչընդոտների ու ապրենք հիասթափության պահեր: Այս առումով, համբերատարությունը կարևորվում է մեզ համար՝ ուղի, որն արդեն ընտրել ենք ու որի վրայով առաջ ենք շարժվում», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան բացման ժամանակ դրոշի բարձրացման արարողություն չանցկացվեց: Ամերիկյան դրոշն այնտեղ կբարձրացվի, երբ օգոստոսին պետքարտուղար Քերրին այցելի Կուբայի մայրաքաղաք: Սակայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում Կուբայի պետական դրոշն արդեն համալրում է առկա մյուս դրոշների շարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG