Մատչելիության հղումներ

Իրադրությունը Թուրքիայում կրկին սրվել է


Թուրքիա - Սուրուչի ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը, 20-ը հուլիսի, 2015թ․
Թուրքիա - Սուրուչի ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը, 20-ը հուլիսի, 2015թ․

Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք խլեց, իրադրությունը Թուրքիայում կրկին սրվել է: Քրդերին աջակցող «Սոցիալիստական երիտասարդության համադաշնություն» կազմակերպության անդամների դեմ երկուշաբթի օրը կատարված ահաբեկչական հարձակումից ժամեր անց Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով, որպեսզի պաշտոնական Անկարան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ:

Ամենակատաղի բախումները սկիզբ առան Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառեց հավաքված ցուցարարներին քաղաքի փողոցներից հեռացնելու համար:

Այն, որ Սուրուչում տեղի ունեցած հարձակման ամենահավանական հեղինակը հենց «Իսլամական պետության» զինյալներն են, հաստատում են նաև թուրքական պաշտոնական աղբյուրները: «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն»-ը այս հարձակումների մեջ կասկածվող թիվ մեկ ուժն է», - հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել Սիրիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Մեր երկրի քաղաքացիները, սակայն, պետք է հաշվի առնեն, որ բախումների և անկայունության ճիրաններում գտնվող հարևան պետություններում տիրող իրադարձությունները կարող են վտանգել նաև Թուրքիայի ներքին խաղաղությունը», - նշում էր Դավութօղլուն:

Ի դեպ, Սուրուչի հարձակումն «Իսլամական պետություն» խմբավորման կողմից քրդերի դեմ իրականացված առաջին ահաբեկչությունը չէր Թուրքիայի տարածքում: Հունիսին` խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, նույնատիպ պայթյուն էր տեղի ունեցել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրում կայացած հանրահավաքի ժամանակ:

Քրդերի նկատմամբ «Իսլամական պետության» նման թշնամական վերաբերմունքը ևս պատահական չէ: Թե՛ Սիրիայի և թե՛ Իրաքի հյուսիսում հենց քրդական ուժերն են, որ ամենալուրջ և հաջող դիմադրությունն են ցուցաբերում իսլամիստ զինյալներին: Այդ դիմադրության յուրատեսակ խորհրդանիշը դարձավ սիրիական Քոբանի քաղաքը: Ի դեպ, հարձակման թիրախ դարձած քուրդ երիտասարդները Սուրուչում հավաքվել էին հենց Քոբանիի իրենց հայրենակիցներին աջակցություն հայտնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG