Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը «քայլ առ քայլ կգնա» իշխանափոխություն պահանջելուն


«Ո՛չ թալանին»-ը «քայլ առ քայլ կգնա» իշխանափոխություն պահանջելուն
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

«Ո՛չ թալանին» շարժումը մինչև օրս էլ պնդում է՝ Բաղրամյանում քաղաքական կոչեր հնչեցնելը ճիշտ չէր լինի. նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը բացատրում է, թե ինչու ամբիոն չէին տալիս կուսակցություններին։

«Իշխանափոխության կոնկրետ ժամկետներում չեն հասել, արդեն որերորդ կուսակցությունը այդ հարցի շուրջ տապալվում է»,- նշեց Քոչարյանը։

Եվ այնպես չէ, որ իրենք չգիտեն երկրի վատ վիճակի մասին, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականը դեռ չեն պահանջելու.- «Պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, և երևի բնակչության 99 տոկոսն էլ ուզում է, որ փոխվի էս ամեն ինչը, որովհետև մենք տեսնում ենք, որ տասը տարուց ավելի մի կուսակցություն իշխող դիրք է զբաղեցնում, Սերժ Սարգսյանը միշտ իշխանության մեջ է, և գնալով վիճակը վատանում է։ Բայց մեր նախաձեռնությունը արդյոք ունի՞ այդ ռեսուրսը դա իրականացնելու։ Մենք քայլ առ քայլ ենք գնում դեպի դրան. ի վերջո փոխելով Սերժ Սարգսյանին՝ ի՞նչ գիտենք, որ չի գա, օրինակ, Հովիկ Աբրահամյանը»։

«Դուրս մեր գրպանից» շարժումն, օրինակ, ճիշտ հակառակ մարտավարությունն է ընտրել: Նախաձեռնության համակարգող Վարդան Հակոբյանի համոզմամբ, առաջին հերթին պետք է համակարգի դեմ պայքարել, որովհետև եթե անգամ, օրինակ, արագաչափերը հեռացվեն փողոցներից, կգտնվի թալանի այլ ճանապարհ։

«Ինչ-որ ոստիկանի հրաժարական պահանջելով դու երբևէ ոչ մի արդյունքի չես հասնի։ Մեր պատմությունը մեզ բավականին դասեր ցույց է տվել՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանի 2013 թվականի շարժումից, երբ փաստորեն ընտրված նախագահը էլի գնաց, մտավ Սահմանադրական դատարան, փոխանակ քաղաքացիական անհնազանդության վերածեր` մի ամբողջ 30-40 հազարանոց զորք թիկունքին կանգնած։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հեղափոխությունը արդեն կայացած էր»,- ասում է Հակոբյանը։

Հենց այս տրամաբանությամբ էին միացել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին.- «Հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում, երբ հայտարարվեց շուրջօրյա նստացույց, երեք օր հետո եթե հարցը չլուծվեր, խնդիր էր դրված պահանջելու Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դա էր հիմնական մոտիվացիան, որ ես շուրջօրյա ապրում էի հրապարակում և Բաղրամյան պողոտայում»,- պարզաբանեց Հակոբյանը։

Եվրասիական միության դեմ պայքարի դուրս եկած Դանիել Իոննիսյանը ևս միացել էր Բաղրամյանի ցույցերին, կարծում է՝ «քաղաքացիականը քաղաքական չդարձնել» ասելով նկատի ունեին չկուսակցականացնել պայքարը, բայց դա իշխանությունների սրտով էր։

«Գնդապետ Օսիպյանը, երբ ամսի 19-ին ուժ չկիրառելու պայմաններ էր թելադրում, այնպիսի անհեթեթ բաներ էր ասում, ինչպես, օրինակ, վրանի չտեղադրում և չքաղաքականացում։ Եթե վրանի չտեղադրումը իրավաչափորեն ինչ-որ չափով իր կոմպետենցիայի մեջ է, ապա քաղաքականացնել-չքաղաքականացնելը, կուսակցություններ կանչել-չկանչելը ոստիկանության ի՞նչ գործն է»,- ասում է Իոննիսյանը։

Ակտիվիստը, սակայն, համոզված է՝ պայքարի մեջ նոր մտած ընկերները հիմա են խուսափում «քաղաքականություն» բառից, հետո կհասկանան՝ միակ ճանապարհը դա է.- «Թեև այս փուլում իշխանությունները չէին տեսնում իշխանություն կորցնելու վտանգ, բայց հայտնվում են առողջ ուժեր, առողջ քաղաքացիներ, որոնք այսօր պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, վաղը պայքարելու են ընտրակեղծիքների դեմ։ Վստահ եմ՝ քաղաքացին, որ շաբաթներ անցկացրեց Բաղրամյանում, չի ալարի և երկու օր կանցկացնի, ասենք, ընտրական տեղամասում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG