Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենի նախկին աշխատողների հայցը բավարարվեց մասնակիորեն


Մետրոպոլիտենի նախկին աշխատողների հայցը բավարարվեց մասնակիորեն
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Այդուհանդերձ, նույն վճռով նրանք չեն կարող վերականգնվել իրենց նախկին աշխատատեղերում:

Շաբաթ օրը դատարանը մասնակիորեն բավարարեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների հայցը ընդդեմ Մետրոպոլիտենի ղեկավարության: Թեև անվավեր ճանաչվեցին Գագիկ Գալստյանին, Սևակ Հովհաննիսյանին և Անդրանիկ Գևորգյանին աշխատանքից ազատելու հրամանները, այդուհանդերձ, նույն վճռով վերջիններս չեն կարող վերականգնվել իրենց նախկին աշխատատեղերում:

Մետրոպոլիտենի ղեկավարությունը պնդում էր, թե Գագիկին, Սևակին և Անդրանիկին աշխատանքից ազատել են իրենց գործում թերանալու համար, մինչդեռ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեքենավարները վստահեցնում են՝ աշխատանքից զրկվել են կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ բողոքի ցույցին մասնակցելու պատճառով:

Համաձայն դատարանի վճռի, Մետրոպոլիտենի ղեկավարությունը պարտավոր է նախկին աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ընթացքի համար: Մետրոպոլիտենի շահերի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ կբողոքարկե՞ն վճիռը, թե՞ ոչ: Իսկ հայցվոր կողմը փաստաբան Քրիստինե Գևորգյանի հետ խորհրդակցելուց հետո կդիմի Վերաքննիչ դատարան:

Նախորդ նիստերի ժամանակ Մետրոպոլիտենի ղեկավարությունը դատարանին հայտնել էր, թե Գագիկի, Սևակի և Անդրանիկի աշխատատեղերն այլևս չկան: Շարժասանդուղքի փորձառու մեքենավարները, մինչդեռ, տեղեկացել են, որ նախկին գործընկերներն են այսօր կատարում իրենց աշխատանքը: «Ավելի քան մեկ տարի ձգձգվող դատական քննության հետևանքով է այսօր այսպիսի իրավիճակ ստեղծվել», - «Ազատության» հետ զրույցում ասում էին նրանք:

«Դատարանն իր վճռով փաստեց, որ Մետրոպոլիտենի ղեկավարությունը գործել է ապօրինի և Գագիկին, Սևակին ու Անդրանիկին աշխատանքից ազատել է իրենց քաղաքացիական դիրքորոշման պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Խաժակյանը: «Նրանք անպայման պետք է վերականգնվեին իրենց աշխատանքում, հատկապես եթե դատարանի պնդմամբ այդ որոշումն ապօրինի է եղել», - ասում է Խաժակյանը: Այդուհանդերձ, «Դ!եմ եմ» շարժման անդամի պնդմամբ, սա կարող է լավ նախադեպ դառնալ այլ գործատուների համար:

Մետրոյի նախկին աշխատակիցները հիշում էին, որ մեկ տարի առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դ!եմ եմ» շարժման ցույցերից մեկի ժամանակ խոստացել էր պատժել այն գործատուներին, ովքեր ապօրինի կերպով աշխատանքից կզրկեն պարտադիր կուտակայինից հրաժարվողներին: Գագիկը, Անդրանիկն ու Սևակը պատրաստվում են նամակ գրել վարչապետին՝ ակնկալելով, որ վերջինս տեր կկանգնի իր խոսքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG