Ամստերդամ - Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող Boeing 777 տեսակի օդանավը կործանվել է Դոնեցկի օդային տարածքում։
Զոհվել են անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները` 298 մարդ։ Զոհերի մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են։
Նախօրեին CNN-ը հայթայթել է հոլանդացի փորձագետների զեկույցի նախնական տարբերակը, որի համաձայն, օդանավը «Բուկ» տեսակի երկիր-երկինք հակաօդային պաշտպանության հրթիռով վայր են գցել Դոնբասի ռուս անջատականները։
Մոսկվան և Դոնբասի անջատականները հերքում են մեղադրանքը և փորձում են պնդել, թե օդանավն ուկրաինացիներն են ոչնչացրել։
Հոլանդիան առաջարկում է ՄԱԿ-ի հատուկ դատարանին վստահել այս ողբերգության հանգամանքների քննությունը։ Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։
Պուտինն ասել է, թե «վաղաժամ և ոչ արդյունավետ» է համարում ՄԱԿ-ի դատարանի առաջարկը: Մինչդեռ, Ռյուտեի համոզմամբ, «միայն ՄԱԿ-ի դատարանը կերաշխավորի բոլոր շահագրգռված երկրների համագործակցությունը և արդարությունը, որը զոհվածների ընտանիքներն են պահանջում»։
Հոլանդացի փորձագետների զեկույցի նախագիծը մի քանի հարյուր էջից կազմված փաստաթուղթ է։
Հունիսի 2-ին հոլանդացիները զեկույցի նախնական տարբերակի պատճենները փոխանցել են 2014 թվականի հուլիսի 17-ի ողբերգությունը հետաքննող միացյալ թիմին, որի կազմում են Տրանսպորտի անվտանգության ամերիկյան պետական գործակալության, Ավիացիայի դաշնային գործակալության, Boeing ընկերության, Մալայզիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնագետները։
Այս թիմն էլ պետք է մինչև այս տարվա օգոստոսի 1-ը ներկայացնի իր մեկնաբանությունները։ Ապա հոլանդացիները կկազմեն զեկույցի վերջնական տարբերակը, որը կհրապարակվի գալիք հոկտեմբերին։
Հոլանդացիները ենթադրում են, որ օդանավը վայր են գցել ռուս անջատականները: Միաժամանակ, նրանք որոշ չափով պատասխանատու են համարում Malaysia Airlines-ին, քանի որ ավիաընկերությունն է օդանավն ուղարկել վտանգավոր տարածաշրջան։
Եթե ընկերությունը հաշվի առներ ուրիշ երկրներից ստացած այսպես կոչված NOTAM-ները` Boeing-ը կփոխեր երթուղին և թեկուզ ժամանակ ու վառելիք կորցնելու գնով կանցներ ավելի անվտանգ օդային տարածքով։ NOTAM-ը հատուկ տերմին է` Notice to Airmen, ուղերձ օդային տարածքում գտնվողին, որով օդաչուներին նախազգուշացնում են հնարավոր վտանգի մասին։
ՄԱԿ-ի հովանու ներքո հետաքննությունն ու դատավարությունն անցկացնելու գաղափարի կողմնակից է ոչ միայն Հոլանդիան, այլև Մալայզիան․ այդ երկիրն արդեն Անվտանգության խորհրդին համապատասխան նախագիծ է ներկայացրել։
Մինչդեռ, Միացյալ Նահանգներում զոհերի ազգականների հայցով գործ է հարուցվել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովի, նույն ինքը` Գիրկինի նկատմամբ, ով, ըստ զոհերի ազգականների, ստանալով Մոսկվայի հավանությունը, արձակել է օդանավը ոչնչացնելու հրամանը։
Հայցվորները 900 միլիոն դոլար հատուցում են պահանջում։