Չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:
«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», - ասաց Ռուբինը:
Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը, չմանրամասնելով՝ արդյոք դա պետք է արվի կողմերի հայտարարությունների՞, թե՞ նախագահների հերթական հանդիպման ձևով:
Առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզմունք հայտնեց դիվանագետը՝ շեշտելով․ - «Դա հեշտ չէ, և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է, և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»:
Ամեն դեպքում, ավելացրեց Ռուբինը, Միացյալ Նահանգները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ միասին, պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ:
Պետքարտուղարության պաշտոնյան ավելացրեց նաև, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից. - «Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց: Այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»: