Մատչելիության հղումներ

Բաղրամյանի ցույցերից հետո «Ո՛չ թալանին»-ը երեկոյան իր առաջին բողոքի ակցիան կանցկացնի


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում, 19-ը հունիսի, 2015թ.
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում, 19-ը հունիսի, 2015թ.

Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր երեկոյան իր առաջին բողոքի ակցիան կանցկացնի։ Ցուցարարները «Մոսկվա» կինոթատրոնից Երևանի կենտրոնական փողոցներով կշարժվեն դեպի գլխավոր դատախազություն։

Պահանջը մեկն է՝ պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդած դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ցույցի ու երթի իրազեկումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։ Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանի խոսքով՝ չի բացառվում, որ ցույցի ընթացքում նաև փողոց փակեն։

«Կախված կլինի նաև մարդկանց քանակից, իրենց տրամադրվածությունից։ Եթե ինքնաբուխ է, ես չեմ կարող ասել՝ կլինի, թե՝ չի լինի։ Մենք չենք բացառում, որ կլինի»,- ասաց Չիբուխչյանը։

Նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բաղրամյանի դեպքերին մասնակից ինը ոստիկան կարգապահական տույժի էր ենթարկվել։

Արտուշ Չիբուխչյանն ասում է՝ դա իրենց չի բավարարում. - «Ընդհանրապես մեր պահանջին չի վերաբերում, որովհետև պետք է ոչ թե կարգապահական տույժի ենթարկել, այլ անմիջապես հեռացնել համակարգից և քրեական պատասխանատվության ենթարկել։ Նման մարդիկ իրավունք չունեն գործելու համակարգում, նրանց անմիջապես պետք է հեռացնել։ Իհարկե, ավելի բարձր պաշտոնյաներ պիտի տույժի ենթարկվեն։ Այդ օրը այնտեղ նաև [փոխոստիկանապետ] Լևոն Երանոսյանն է եղել, ում անմիջական հրամաններով է կատարվել այս ամեն ինչը։ Եթե նրանք այդտեղ են գտնվել, ուրեմն իրենք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք կատարում են իրենց հրամանով գործող ոստիկանները, չնայած նրանց ոստիկան էլ չեմ ուզում ասել, տականքները...»։

Բռնություն գործադրած ոստիկաններին պատժելը նախաձեռնության երեք պահանջներից մեկն է, առաջիկայում քայլեր են ձեռնարկելու նաև մյուս երկուսի իրագործման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG